Պատմության հետագծով
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1939 թ. մայիսի 22-ին ծնվել է Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի ազգային հերոս (մահ.՝ 2021 թ.)։
-1924 թ. մայիսի 22-ին ծնվել է Շառլ Ազնավուրը՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940-ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Հեղինակել եւ համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն եւ՛ իր, եւ՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։ Չմոռանալով արվեստի մասին՝ 1995-ից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազգային դիվանագիտական ատյաններում։ 2008 թ. Ազնավուրը ստացել է ՀՀ քաղաքացիություն, 2009 թ. մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը (մահ.՝ 2018 թ.)։
-1929 թ. մայիսի 22-ին ծնվել է Արմեն Խոստիկյանը՝ կինոյի, հեռուստատեսության եւ թատրոնի հայ դերասան, կատակերգու (մահ.՝ 2003 թ.):
-1812 թ. մայիսի 22-ին ծնվել է Գաբրիել Այվազյանը՝ եկեղեցական եւ հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871)։ Ծովանկարիչ Հ. Այվազովսկու եղբայրը։
-1960 թ. մայիսի 22-ին Չիլիում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը, որի հետեւանքով մահացավ մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմեց մոտ 1.5 միլիարդ դոլար:
-1455 թ. մայիսի 22-ին Սենտ Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ եւ Կարմիր վարդերի պատերազմը:
-1813 թ. մայիսի 22-ին Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի պրեմիերան:
Հետաքրքիր փաստեր
-Ամեն տարի ավելի քան 6 միլիարդ կիլոգրամ աղբ է նետվում համաշխարհային օվկիանոս։ Դրա մեծ մասը պլաստիկ է, որը թունավոր է ծովային կյանքի համար։
-Երկրի վրա միակ հարաբերականորեն մաքուր վայրն Անտարկտիդան է։ Մայրցամաքը պահպանվում է Անտարկտիդյան պայմանագրով, որն արգելում է մայրցամաքի տարածքում ռազմական գործողությունները, հանքարդյունաբերությունը, միջուկային զենքի փորձարկումներն ու միջուկային թափոնների արտանետումները։
-Չինաստանն աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող երկրներից մեկն է։ Պեկինի օդը շնչելը մեծացնում է թոքերի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունն այնպես, ինչպես օրական 21 ծխախոտ ծխելը։
-Ջրի աղտոտվածության մակարդակն ավելի վատ է Հնդկաստանում, որտեղ աղբի քաղաքային թափոնի 80 տոկոսը Գանգես գետն է թափվում, որը հնդիկների սուրբ գետն է համարվում։
-Ձայնային աղտոտվածությունը հաճախ անուշադրության է մատնվում, սակայն այն կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում սթրեսների, լսողության կորստի, քնի խանգարման, արյան բարձր ճնշման եւ այլն։ Միայն ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ են տառապում ձայնային աղտոտվածութունից։
-Նախկին Խորհրդային Միության տարածքում, այժմ Ռուսաստանի արեւմտյան շրջանում գտնվող Կարաչայ լիճը, որը ռադիոակտիվ թափոնների արտանետման վայր է, Երկրի ամենաաղտոտված վայրն է համարվում, որտեղ անցկացրած միայն մի ժամը կարող է մահացու լինել մարդու համար։
-ԱՄՆ-ի գետերի 40 եւ լճերի 46 տոկոսը չափազանց աղտոտված են ձկնորսություն իրականացնելու կամ լողալու համար։
-Ծովային հազարավոր կենդանիներ, այդ թվում ձկներ, կրիաներ, դելֆիններ մահանում են պլաստիկ տոպրակներ կուլ տալու պատճառով, քանի որ դրանք նման են մեդուզաների։
Ա. Հ.