Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԼՂ հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի. ԵԽ պատգամավորը խոսեց Արցախի կարգավիճակի մասին

ԼՂ հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի. ԵԽ պատգամավորը 
խոսեց Արցախի կարգավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սոլեն ԵԽ լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը:

Նա նախ նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հեռու է կարգավորումից՝ նշելով, որ պատերազմը փառաբանվում և հայերի նկատմամբ ատելությունն արմատավորվում է Բաքվի, այսպես կոչված, «պուրակում»:

«Եվ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները՝ անօրինական կերպով պահելով ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնց գերեվարել է: Բոլոր հայ գերիները՝ ռազմական, թե քաղաքացիական, որոնք գերեավարվել են պատերազմի ընթացքում, թե դրանից հետո, պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվեն»,- ասաց ԵԽ պատգամավորը:

Սոլեն հավելեց. «Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի, ինչպես նաև նրանց մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվի: Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը»:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին, հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am