Փաշինյանը և Պուտինը միակարծիք են եղել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հանգուցալուծման մեթոդաբանության շուրջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ մայիսի 19-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների եւ դրա մեթոդաբանության շուրջ: