Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել

Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետությանը պատճառված վնասին համարժեք գումար:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Գագիկ Բեգլարյանը եղել է 2002-2008 թթ. Երևանի Կենտրոն համայնքի թաղապետը, 2009-2010 թվականներին Երևանի քաղաքապետը, իսկ 2012-2016 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը։

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել Հայաստանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու մեղադրանքով։ Ըստ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ դեռևս 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը զբաղեցնում էր Երևանի կենտրոնի թաղապետի պաշտոնը, ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը։ Ապա արդեն 2009 թվականի մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, այդ անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011-ի փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես Բեգլարյանի սեփականություն: ԱԱԾ-ն հայտնել էր նաև, որ միևնույն ժամանակ ձեռք են բերվել տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]