Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկել Գագիկ Բեգլարյանին

Ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկել Գագիկ 
Բեգլարյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկել Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից։

«Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն։ Նա 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Գագիկ Բեգլարյանը եղել է 2002-2008թթ. Երևանի Կենտրոն համայնքի թաղապետը, 2009-2010 թվականներին Երևանի քաղաքապետը, իսկ 2012-2016 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը։

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել Հայաստանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու մեղադրանքով։ Ըստ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ դեռևս 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը զբաղեցնում էր կենտրոնի թաղապետի պաշտոնը, ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը։ Ապա արդեն 2009 թվականի մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, այդ անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011-ի փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես Բեգլարյանի սեփականություն: ԱԱԾ-ն հայտնել էր նաև, որ միևնույն ժամանակ ձեռք են բերվել տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]