Հայաստանը պատրաստակամ է խորացնելու Իրաքյան Քուրդիստանի հետ փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 15-ին հանդիպում ունեցավ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշեց, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական էպատմական ամուր կապերով միահյուսված հայ-քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծեց վերջին շրջանում Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Արա Այվազյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` խորացնելու և ընդլայնելուԻրաքյան Քուրդիստանի Ինքնավարության հետ փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և տեղի իշխանությունների միջև հաստատված սերտ կապերը: Անդրադարձ կատարվեց հեռանկարային ուղղություններ հանդիսացող բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։
Երկուստեք բարձր գնահատվեց Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր։ Առանձնահատուկ կարևորվեց Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ու պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգման շուրջ համագործակցությունը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը պատվիրակության անդամներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը։