Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիկտոր Բոնդարևն անհրաժեշտ է համարում կանխել սադրանքները հայ- ադրբեջանական սահմանին

Վիկտոր Բոնդարևն անհրաժեշտ է համարում կանխել սադրանքները հայ-
ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը հույս ունի, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժը արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահը հայտնել է ՏԱՍՍ-ին։

«Ընդգծեմ, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է (և գործով ապացուցել է իր խոսքը), որ մեր խնդիրը հենց խաղաղ ճանապարհով մեր հարեւանների միջեւ հակամարտության լուծումն է։ Խաղաղ երկխոսությանը նպաստելու համար միշտ փորձել ենք ներգրավել նաեւ միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն։ Հուսով եմ, որ այդ կազմակերպության բանակցային ներուժը ներկա իրավիճակում արդյունավետ կօգտագործվի», - նշել է Բոնդարևը։

Նա համոզված է, որ Ռուսաստանի խաղաղապահ միջնորդությունը կխոչընդոտի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը։

Վիկտոր Բոնդարևի խոսքով ՝ Սյունիքի մարզում իրավիճակը բացատրվում է նրանով, որ երկու պետությունների հարաբերությունները, որոնք դեռ բոլորովին վերջերս են պատերազմել, այնքան էլ կարգավորված չեն:

«Գլխավորն այն է, որ նման միջադեպերը (սահմանի խախտումը) չկրկնվեն, շարունակություն չունենան, հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորվեն խաղաղ ճանապարհով (զորքերի արագ հեռացմամբ), որպեսզի հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվի։ Նման սադրանքները պետք է կանխել։ Եվ դա արդեն ոչ թե ռազմաքաղաքական, այլ զուտ քաղաքական հարց է», - ընդգծել է Բոնդարևը։

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը: «ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», - ասվում է Կազմակերպության հաղորդագրությունում:

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]