Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զոհված զինծառայողների ծնողները նորից կյանք են տալիս. Վերարտադրողական ծրագրով դիմելիությունն ավելանում է 

Զոհված զինծառայողների ծնողները նորից կյանք են տալիս. Վերարտադրողական 
ծրագրով դիմելիությունն ավելանում է 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրի շրջանակում պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մոտ 70 զույգ ներկայում պետության աջակցությամբ բուժում է ստանում արտամարմնային բեղմնավորման կենտրոններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ օրեցօր դիմելիության ակտիվություն է նկատվում:

«Մոտ երեք ամիս առաջ սկսեցին առաջին զույգերը դիմել: Այդ ժամանակ հատ ու կենտ զույգեր էին գալիս: Հետո զգացինք, որ դիմողների քանակն ավելանում է: Այսօր օր չկա, որ ես զոհված զինծառայողների ծնող չընդունեմ: Նրանք ամենաթանկն են տվել պատերազմում և հիմա ցանկանում են օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունից և կրկին երեխա ունենալ: Պետությունն, ինչպես գիտեք, ամբողջ ծախսը ծածկում է, աջակցում է բոլոր հնարավոր մեթոդներով: Պետությունը հետազոտությունների համար նույնպես վճարում է, անկախ նրանից, իրենք կարող են հետո երեխա ունենալ թե, ոչ: Բուժման բուն գործընթացը, արտամարմնային բեղմնավորումը ևս անվճար է: Ներկայում 70 զույգ արտամարմնային բեղմնավորման կենտրոններում բուժում է ստանում՝ նախապատրաստվելով արտամարմնային բեղմնավորման: Ասեմ, որ դեռ արտամարմնային բեղմնավորման փուլին չհասած, բուժման փուլում արդեն ունենք երկու գրանցված հղիություն, որից մեկը մեր կենտրոնում է»,-ասաց Էդուարդ Համբարձումյանը: 

Մասնագետի խոսքով, այսպիսի նախադեպ չի եղել, երբ նման ծանր կորստից, պատերազմից հետո նորից ծնող դառնալու նպատակով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայություններից օգտվելու համար դիմելիության հոսք ննկատվի: Դիմողները հիմնականում մարզերից են: 

«Ընդհանուր առմամբ, հոգեբանական տեսանկյունից շատ ծանր գործընթաց է: Նրանք ամենաթանկն են կորցրել` իրենց զավակներին: Պատկերացնո՞ւմ եք, կան ծնողներ, որոնք պատերազմում երկու տղա են կորցրել, կան ծնողներ, որ հենց այդ մի տղան ունեին ու կորցրել են: Բժիշկների համար ծանր է, սակայն դա մեր պարտքն է: Բոլոր հնարավոր միջոցներով պետք է աջակցել նրանց: Այս ամսվա վերջում արդեն մի քանի տասնյակ արտամարմնային բեղմնավորման գործընթաց կկատարվի: Կարևոր փուլ է նաև հղիությունը, պետք է ուշադրության կենտրոնում պահենք՝ հաշվի առնելով իրենց տարիքը, տարած սթրեսը և այլն»,-ասաց Էդուարդ Համբարձումյանը: 

Մասնագետը նկատեց, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայություններին դիմող զոհված զինծառայողների ծնողների համարյա կեսը բարձրացնում է տղա ունենալու հարցը: 

«Մարդիկ կան, որ աղջիկներ ունեն, թոռներ ունեն ու տղա են ցանկանում: Շատ կցանականայի, որ օրենքը թույլ տար այդ հարցում օգնեինք նրանց»,-ասաց Էդուարդ Համբարձումյանը:

Ընթացիկ տարվա փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ ընդլայնվել է պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրի շահառուների ցանկը: Հնարավորություն է տրվել, որ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները նույնպես օգտվեն:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]