Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին. Աննա Նաղդալյան

Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանն ու  միջազգային գործընկերների արձագանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին: 

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությունը և միջազգային գործընկերների արձագանքները: Որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ: Կա՞ն արդյոք Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ կամ այլ ձերբակալվածներ:

Պատասխան. Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝  2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց: 

Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն:

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող մեղադրանքները՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ:

Պատասխան. Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար:

Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]