Լենա Նազարյանը պատվաստվել է չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նազարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո»,- գրել է Նազարյանը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալը կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել և կանխարգելել COVID-19-ը։
Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարը տեղեկացրել է, որ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100 000 դեղաչափ՝ 50 000 անձի համար):
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-16:00: