Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հանրային վայրերում շուտով կգործեն COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող բուժկետեր

Հանրային վայրերում շուտով կգործեն COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող 
բուժկետեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային վայրերում շուտով կգործեն փոքր բուժկետեր COVID-19-ի դեմ պատվաստումները բնակիչներին ավելի հասանելի դարձնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին նշեց ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում պատվաստումների ծրագրում իրականացնում է փորձի փոխանակում: Մասնագետը տեղեկացրեց, որ ներկայում նախարարությունը, պատվաստումների գործընթացը քաղաքացիներին ավելի մոտեցնելու աշխատանքի շրջանակում, քննարկում է հանրային վայրերում բուժկետեր ունենալու տարբերակը:

«Նման մշակույթ կա նաև ԱՄՆ-ում: Հայաստանում ևս քննարկվում է, և արդեն գործնական քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ: Լինի հրապարակ, խոշոր առևտրի կենտրոն, թե փողոց, շուտով կգործեն բուժկետեր: Դրանք կօգնեն, որ բնակիչներն առանց դժվարությունների, խնդիրների ստանան իրենց պատվաստումները: Պատվաստումների հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոնք արվում են պոլիկլինիկաներում, կարվեն նաև բուժկետերում»,- ասաց Շանթ Շխրտումյանը:

Մասնագետը նկատեց, որ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը միջազգային միտումներից հետ է ընկնում: Աշխարհի բնակչության 7 տոկոսն արդեն պատվաստվել է, կան երկրներ, ինչպես, օրինակ, Իսրայելը, որտեղ բնակչության պատվաստումների ցուցանիշը մոտ 60 տոկոսի է հասնում: Շանթ Շխրտումյանի խոսքով՝ բոլոր երկրներում էլ կան քննարկումներ, թերահավատություն պատվաստումների հետ կապված, սակայն, շատերը գիտակցում են, որ դա է կարևոր ճանապարհը:

«ԱՄՆ-ում եղավ մի պահ, որ նույնիսկ պատվաստումների հետ կապված հերթեր էին լինում: Եվ ասեմ, որ քաղաքացին պատվաստանյութ ընտրելու հնարավորություն չունի: Այդ պահին ինչ եղավ, դրանով էլ պատվաստվում է: Այսօր Հայաստանում 4 հազար 500 մարդ է պատվաստվել, ինչը ցածր ցուցանիշ է: Թեպետ, ասեմ, որ վերջին շրջանում ակտիվ իրազեկման աշխատանքներն իրենց ազդեցությունը տալիս են, և պատվաստումների գործընթացի ակտիվություն է նկատվում»,- ասաց Շանթ Շխրտումյանը: Վարակի ակտիվ փուլում տեսնում էինք, որ ամեն օր միջինը 20 մահ էր գրանցվում, և եթե պատվաստումների գործընթացն ակտիվ ընթանա, ապա, ըստ մասնագետի, մահացության ռիսկը նկատելի կկրճատվի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստման արդյունքում ստացված օգուտները մի քանի հարյուր անգամ ավելի շատ են, քան ռիսկերը:

Հայաստանն ունի «Սպուտնիկ V», «Աստրա Զենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերը: COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար: COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]