Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են. տապալվածները կարող են կրկին մասնակցել 7 օրից

Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են. տապալվածները կարող են 
կրկին մասնակցել 7 օրից

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունները բարդացել են, սակայն հանձնել չկարողացած անձը կարող է նորից մասնակցել 7 օր անց, իսկ երկրորդ փորձից դրական չստանալու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական գնահատականի արժանացած վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան 1 ամիս անց:

«Արմենպրես»-ը ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանի հետ զրուցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննություններում արված փոփոխությունների, միջազգային փորձի և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության մասին:

Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են

«Տեսական և գործնական քննություններն այս տարվա սկզբից փոփոխության են ենթարկվել: Այժմ վարորդական իրավունքի վկայական ստացողները տեսական քննությունները նախկին 15 րոպեի փոխարեն կհանձնեն 30 րոպեում, սակայն 10 հարցի փոխարեն կլինի 20-ը: «C»-ից բարձր կարգ ունեցող տրանսպորտային միջոց վարելու համար ապագա վարորդները քննությունը պետք է հանձնեն քննական հրապարակում, որպեսզի ոստիկանները համոզվեն՝ վարորդն ընդհանրապես տիրապետո՞ւմ է մեքենա վարելու հմտություններին, ապա թույլ տան, որպեսզի իրական պայմաններում ևս ստուգվի: «B» և ավելի ցածր կարգի տրանսպորտային միջոց վարելու համար վկայական ստանալու գործնական քննությունն էլ արդեն անց է կացվում միայն քաղաքային պայմաններում, քանի որ այդ կարգերի վտանգավորությունն ավելի ցածր է»,- նշեց Վարդանյանը:

Նա հավելեց, որ ավտոհրապարակում հուզմունքն ավելի քիչ է, և իրական պայմաններում չի ստեղծվում այն իրավիճակը, որին սովոր են վարորդները: Այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունիսից:

Քննությունները դրական հանձնող դիմումատուների թիվը տարեցտարի նվազում է

2018 թվականին 37 հազար դիմողից դրական է հանձնել 25 հազար քաղաքացի, 2019-ին՝ 62 հազարից 28 հազարն է ստացել վարորդական իրավունքի վկայական, իսկ 2020 թվականին՝ 53 հազարից՝ 26 հազարը:

«Այս ցուցանիշներին նայելով տեսնում ենք, որ քննությունները դրական հանձնող դիմումատուների թիվը տարեցտարի նվազում է: Նախկինում օրենսդրությամբ սահմանված չէր արգելք վարորդական վկայականի տեսական կամ գործնական քննությունը չհանձնելուց հետո կրկին փորձելու համար: Տրամաբանական է, որ վարորդը եթե առաջին անգամ ձախողել է քննությունը, ուրեմն այնքան էլ լավ չի պատրաստվել, հետևաբար պետք է որոշակի ժամանակ, որպեսզի կրկին պատրաստվի և վերահանձնի քննությունը»,- ասաց Վարդանյանը:

Ուսումնասիրելով միջազգային փորձը

Անդրադառնալով միջազգային փորձին՝ Վարդանյանը նշեց, որ զարգացած երկրներում բացառվում է քննությունը տապալելուց հետո անմիջապես կրկին փորձելը:

«Ռուսաստանի Դաշնությունը հրահանգի շրջանակներում կիրարկելով 2021 թվականի ապրիլի 1-ից ամբողջությամբ հրաժարվել են ավտոհրապարակներից»,- ասաց ՃՈ իրավաբանական բաժնի պետը:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար նույնպես ՀՀ-ում ստեղծված են հարմարություններ

Հայկ Վարդանյանը շեշտեց, որ Հայաստանում անվասայլակով տեղաշարժվող անձանց համար նույնպես ստեղծված են հարմարություններ:

«Նրանք կարող են վարել հատուկ սարքերի միջոցով, որոնք ամրացվում են տրանսպորտային միջոցի ղեկին: Քննություն հանձնելու համար իրենք են ներկայացնում համապատասխան կահավորումով մեքենան, որով պետք է  մասնակցեն քննությանը: Դրական հանձնելու դեպքում, վարորդական վկայականը տրվում է, որտեղ նշվում է «Հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու իրավունք»,- ասաց Վարդանյանը և ավելացրեց, որ նրանց թիվն այնքան էլ փոքր չէ:

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]