Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ընդգրկված է 2 հարց
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:
Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Քրեական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:
Առաջարկվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար ևս սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Այսինքն, անհատի կողմից կեղծ տեղեկություն հրապարակելը այս կարգավորման տիրույթից դուրս է:
Հստակեցվում է նաև պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռքբերելուն խոչընդոտող տեղեկությունն իրավասու մարմնին չհայտնելու դեպքում քրեական պատասխանատվություն ենթադրող դրույթը: Նույն նպատակով միևնույն փաթեթում լրացում է նախատեսվում նաև «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար: