Սփյուռք

Սիդնեյում հայկական համայնքը Ցեղասպանությունը ճանաչելու կոչով ակցիա է կազմակերպել

2 րոպեի ընթերցում

Սիդնեյում հայկական համայնքը Ցեղասպանությունը ճանաչելու կոչով ակցիա է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում մեկնարկել է հայկական համայնքի կողմից կազմակերպված ակցիան, որի մասնակիցները կոչ են անում երկրի կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակցիան կազմակերպվել է այն բանից հետո, ինչ վարչապետ Սքոթ Մորիսոնը Ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ հրապարակած իր ուղերձում կրկին հրաժարվել էր օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:

Բողոքի ակցիայի մասնակիցները դիմել են կառավարությանը՝ կոչով ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն: Նրանք հանդես են եկել նաև կոչերով՝ «Ասա ճշմարտությունը, Սքոթ Մորիսոն», «Այո, դա ցեղասպանություն է», «Այլևս երբեք» և այլն:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում