Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարանին

Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի 
Բրիտանիայի խորհրդարանին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել, որը խորհրդարանին է ներկայացվելու մայիսին: Այս մասին նա հայտնել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում՝ հույս հայտնելով, որ օրինագիծը աջակցություն կստանա խորհրդարանի երկու պալատներում:

«Ապրիլի 24-ին հազարավոր հայեր ծաղիկներ կխոնարհեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի շուրջ՝ ի թիվս ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության տարելիցին կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների: Այս տարի, սակայն, էմոցիոնալ զգացմունքները՝ կապված օրվա խորհրդի հետ, շատ ավելի ուժեղ են, քանի որ ցավը նախորդ տարվա Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որում կարևոր դերակատարում ուներ թուրքական կողմը, չափազանց թարմ է»,- նշել է Լոութենը:

Նա ափսոսանք է հայտնել, որ չի կարողանալու այս տարի ոգեկոչման արարողություններին ներկա գտնվել Երևանում, սակայն ընդգծել է, որ իր հարգանքի տուրքը կմատուցի Լոնդոնում՝ տեղի հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառմանը:

«Ողբերգական խորհրդանիշն այն է, որ 2020 թվականին ներխուժումը Լեռնային Ղարաբաղ տեղի ունեցավ ճիշտ նույն օրը, ինչ 100 տարի առաջ թուրքերը ներխուժել էին նորանկախ Հայաստան: Պատմությունը կարևոր է»,- ընդգծել է Լոութեն:

Նա հիշեցրել է, որ 1915 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները համատեղ հռչակագիր հրապարակեցին՝ կոտորածներն անվանելով «հանցանք ընդդեմ մարդկության և քաղաքակրթության», ինչը նման բարձր մակարդակով արված առաջին նմանօրինակ հայտարարությունն էր: «1916 թվականին, երկու հիասքանչ բրիտանացի պատմաբանների և դիվանագետների՝ Ջեյմս Բրայսի և Առնոլդ Թըյնբիի ջանքերով Բրիտանիայի կառավարության կողմից հրապարակվեց Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները՝ «Հայերի նկատմամբ վերաբերմունքն Օսմանյան կայսրությունում, 1915-1916» վերնագրով, որը համարվում է Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի ու վկայությունների ամենանշանակալի հավաքածուներից մեկը:

Եվ չնայած այս ամենին ու շատ ուրիշ փաստերի, Բրիտանական կառավարությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հավատացած եմ, որ ի վերջո ժամանակն է, որ մեր կառավարությունը ճանաչի հարյուրամյա պատմություն ունեցող բռնությունը, որի ընթացքում ժամանակակից աշխարհում առաջին ցեղասպանության ժամանակ օսմանցիների կողմից սպանվեցին 1.5 մլն հայեր: Մենք Միացյալ Թագավորության խորհրդարանում շարունակելու ենք լոբբիստական գործունեությունն այս ուղղությամբ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ այդ ճանապարհով, միանալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրներին, Միացյալ Թագավորությունն ի ցույց կդնի «Համաշխարհային Բրիտանիայի առաքելությունը՝ որպես մեր օրերի աշխարհում ուժ հանուն բարօրության»,- նշել է նա՝ հիշատակի այս օրն իր համերաշխությունը հայտնելով Հայաստանին և հայ ժողովրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]