Հասարակական

Պատերազմից հետո հոգեբանական վերականգնման ծառայություն կմատուցվի բնակիչներին. հատկացվեց 100 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

Պատերազմից հետո հոգեբանական վերականգնման ծառայություն կմատուցվի բնակիչներին. հատկացվեց 100 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայություն ստանալու համար:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի փետրվարի 4-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին»կառավարության որոշման պահանջներից:

Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով ԱԻՆ-ի կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռք բերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքումհաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:

«Ծառայությունը մատուցվելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում: Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության (թվով՝ 10 հազար շահառու) հոգեբանական վերականգնումը»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ այս ծառայությունները մատուցվելու են հասարակության բոլոր խավերին՝ առանց սահմանափակումների, սակայն առաջնահերթությունը տրվելու է զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում