Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ կտրամադրի մասամբ կամ ամբողջապես սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին

ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ կտրամադրի մասամբ կամ ամբողջապես սահմանամերձ 
համայնքներում իրականացվող ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհներ տրամադրելիս առաջնահերթություն կտա մշակութային այն ծրագրերին, որոնք մասամբ կամ ամբողջապես կանցկացվեն սահմանամերձ համայնքներում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2021-ի մարտին, և դիմողների աննախադեպ ակտիվություն է նկատվում:

«Ժամանակակից արվեստի բաժնում հայտերը միշտ ավելի շատ են եղել, քան մշակութային ժառանգության բաժնում: Ընդհանուր առմամբ ստացել ենք 250-ից ավելի հայտ: Այժմ ուսումնասիրում ենք հայտերն ըստ առաջնահերթությունների, ըստ պետական քաղաքականության և այն ճգնաժամային ծրագրի, որը մշակել ենք «Ի գործ» ծրագրի մասնակիցների հետ»,- ասաց Խզմալյանն ու հիշեցրեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում արտասահմանից Հայաստան եկած երիտասարդները լծվում են պետական աշխատանքին:

Նրանք ուսումնասիրություն են կատարել՝ հասկանալու համար, թե պատերազմներից հետո ինչ խնդիրներ են ծագում այս կամ այն երկրում, փորձել են հասկանալ, թե հատկապես եվրոպական երկրներն ինչպես են լուծել այդ խնդիրները: «Մենք տեսնում ենք, որ բոլոր ժամանակներում բոլոր քաղաքակիրթ երկրներն ավելացնում են մշակույթի բյուջեն, մեծացնում  մշակույթի տեղն ու դերը, և մշակույթը դառնում է ճգնաժամի հաղթահարման հզոր գործիք: Բարեբախտաբար, մշակույթի ոլորտում ֆինանսական կրճատումների հետ կապված մեր մտավախությունները չիրականացան: Բյուջեով հաստատված գումարներից բացի, կառավարության հետ քննարկում ենք այն միջոցառումները, որոնք կարող են ֆինանսավորվել այլ միջոցներից: Խոսքը վերաբերում է նաև հոբելյաններին. տարին հարուստ է  հոբելյաններով՝ Միրզոյան, Բաբաջանյան, Խուդոյան, Բեկնազարյան, Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակ և այլն»,- հիշեցրեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ պետք է լինեն ոչ միայն հոբելյանական հանդիսավոր միջոցառումներ, այլև հանրային տրամադրությունների փոխակերպման, դրական տրամադրություն ներարկելու և որոշակիորեն կյանքն աշխուժացնելու, լավատեսություն առաջացնելու նպատակով իրականացվող նախաձեռնություններ:

Դրամաշնորհների տրամադրմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]