Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 726 նոր դեպք, մահացել է 22 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք, առողջացել է 824 քաղաքացի, մահացել է՝ 22-ը: Մեկ օրում կատարվել է 3427 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 909604-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204053 դեպք, որոնցից 183660-ն առողջացման, 3775-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 15663 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 955 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։