Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ընթերցողներին ներկայացվեց բանաստեղծ Կարեն Խուրշուդյանի «Աստծո ոստան» գիրքը

Ընթերցողներին ներկայացվեց բանաստեղծ Կարեն Խուրշուդյանի «Աստծո ոստան» 
գիրքը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, գրական, ազգային և հասարակական գործիչ, Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանը ընթերցողների դատին հանձնեց «Աստծո ոստան» բանաստեղծությունների ժողովածուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 9-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով՝ Խուրշուդյանը հասարակական գործիչ է և ստեղծագործող: «Ընդհանրապես գործունեության երկու բևեռները զարգանում են մեկը մյուսի հաշվին, առավել ևս մեր օրերում, երբ օրը, շաբաթը, տարին քիչ են: Այս ամենի ֆոնին հպարտություն է ներշնչում մեր հայրենակիցը, որն այդքան երիտասարդ է, բայց Եվրոպայի սրտում ինչ-որ չափով համախմբում է մեր հայրենակիցներին, կարողանում է համերաշխություն ստեղծել այն դեպքում, երբ այսօր անգամ հայրենիքում հեշտ չէ ինչ-որ բան կազմակերպել և մարդկանց համախմբել գաղափարի շուրջ»,-շեշտեց Վարդանյանը:

Անդրադառնալով ժողովածուին՝ Վարդանյանն ասաց՝ երբ թերթում է գրքի էջերը, տեսնում է՝ Խուրշուդյանն ամուր է կանգնած հայրենի հողի վրա, ոգեղեն ժառանգության վրա:

Գրքի առաջաբանի հեղինակ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ անվանի բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ընդգծեց, որ Խուրշուդյանի բանաստեղծությունները կարդալիս պետք է փաստել, որ մեր ժամանակներում էլ կան մարդիկ, որոնք իրենց անցյալը չեն ջնջում, գալիս  են իրենց արմատների վրա ամուր կանգնած, որոնց համար քամիները չեն կարող որոշիչ լինել: «Նա իր մանկությունն է բերում, տատի, պապի կերպարն է բերում: Երբ մենք մոռանում ենք մեր նախնիներին, ինքներս մեզ ենք մոռանում: Ուրախ եմ, որ Խուրշուդյանի պես պոետի ստեղծած գիրք կա, որտեղ մեր հավատն է, մեր ապրումն է, նրա ապրած կյանքն է, նրա հայ լինելն է, ինչը պլակատային չէ, այլ հայի ապրեցնող կերպար, որը եկել է դրական լիցքեր հաղորդելու»,-ասաց Մանուկյանը:

Շնորհանդեսի ավարտին Կարեն Խուրշուդյանը շնորհակալություն հայտնեց ընկերներին, հարազատներին, մտերիմներին և ընթերցեց բանաստեղծություններ, որոնք պատրաստվում է ներառել հաջորդ ժողովածուում:

Նա տեղեկացրեց, որ գրքի ամբողջ հասույթը տրամադրելու է Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանին, որ ամեն լումա ծառայի երեխաների հայեցի դաստիարակությանն ու կրթությանը:

Կարեն Խուրշուդյանը ծնվել, ուսանել պատանի վառ կյանքն ապրել է հայրենիքում։ Հայաստանյան մանկավարժական, մշակութային ու հասարակական բուռն գործունեություն ծավալելուց հետո, 2005 թվականից Կարենը բնակություն  է հաստատել Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքում։  2008-ից  2011 թվականներին եղել է Մարսելում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի վարչական քարտուղար, հետո Շատո Գոմբերտի զբաղվածության կենտրոնում վարչական պատասխանատու։ 2011-2014 թվականներին՝  Մարսելի բժշկական կլինիկայում բժշկական քարտուղար և թարգմանիչ։ Եղել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական։ 2015 թվականից Բուշ Դյու Ռոն դեպարտամենտում պետծառայող՝ վարչական օգնական։  2007 թվականից որպես հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի քարտուղար, այնուհետև մեծ խորհրդի անդամ, 2019-ին ընտրվել է համանախագահ, իսկ 2020-ին՝ փոխնախագահ։

Մարսելում բնակություն հաստատելուց ի վեր Խուրշուդյանը Մարսելի Խաչատրուր Աբովյանի անվան հայկական վարժարանի ակտիվ անդամ էր, իսկ 2016 թվականից մինչև այսօր նախագահում է վարժարանը։ Նրա նախագահության օրոք վարժարանն արձանագրել է գրանցումների նշանակալի զարգացում` 12 աշակերտից հասնելով 200-ի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am