Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետի հետ հանդիպմանը ՌԴ գլխավոր դատախազը նշել է, որ կանի ամեն ինչ գերիների խնդրի լուծման համար

Վարչապետի հետ հանդիպմանը ՌԴ գլխավոր դատախազը նշել է, որ կանի ամեն ինչ 
գերիների խնդրի լուծման համար

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ողջունել է ՌԴ գլխավոր դատախազի այցը Երևան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում և առկա մարտահրավերներին դիմակայելու գործում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի ջանքերը պատերազմի հետևանքով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող անձանց հետ վերադարձի ապահովման ուղղությամբ: Այս գործում ներդրվող ավանդի, իրականացվող քայլերի, ինչպես նաև իրավապահ բնագավառում արդյունավետ համագործակցության համար Նիկոլ Փաշինյանն Իգոր Կրասնովին հանձնել է շնորհակալագիր:

ՌԴ գլխավոր դատախազը շնորակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել, որ հայ գործընկերների հետ համագործակցությունը կրում է վստահելի բնույթ: Իգոր Կրասնովի խոսքով՝ երկու երկրների գլխավոր դատախազությունները գտնվում են մշտական կապի մեջ, ինչը նպաստում է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցությանը: ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է 2020 թվականի նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: ՌԴ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր ջանքերը կրում են շարունակական բնույթ և կանի ամեն ինչ՝ խնդրի լուծման նպատակով:  

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը առանձնակի կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը երկարատև համատեքստում ու այդ առումով արդյունավետ գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 7-ին ունեցած բանակցությությունների արդյունքները:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am