Գեղարքունիքի մարզում այս տարի կնորոգվեն եւ սարքավորումներով կապահովվեն 25 դպրոցների ճաշարաններ
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի հանրակրթական 25 հաստատությունների ճաշարանների նորոգման եւ սարքավորումների ապահովման ու կահավորման խնդիրը։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։
Քննարկմանը մասնակցում էին ՄԱԿ-ի hամաշխարհային պարենային ծրագրի մարզային համակարգող Կարեն Հակոբյանը, Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Էմմա Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ, քաղաքաշինության, ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների պետերը։ Շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում իրականացնելու նպատակով կողմերը քննարկեցին դպրոցների ճաշարանների տեխնիկական բնութագրերի կազմման, նախագծերի պատվիրման, շինարարական մրցույթների հայտարարման, շինանյութերի եւ սարքավորումների տրամադրման եւ կահավորման հետ կապված տարաբնույթ հարցեր։ «Մարզպետարանը ՄԱԿ-ի պարենային ծրագրի գրասենյակի ու գործընկեր այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ անելու է հնարավորը, որպեսզի շինարարական եւ վերազինման ու կահավորման աշխատանքները սկսվեն եւ ավարտվեն մոտեցող ամառային արձակուրդների ընթացքում, որպեսզի նոր ուսումնական տարվա սկզբից մեր տարամդրության տակ գտնվող ցանկում ընդգրկված դպրոցների ճաշարանները գործեն միանգամայն նորացված ու արդիականացված պայմաններում»,- նշեց մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։
Խոսրով Խլղաթյան