Ինովացիա

Հայկ Չոբանյանի կարծիքով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի հնարավորությունները բազմապատիկ ավելի են

3 րոպեի ընթերցում

Հայկ Չոբանյանի կարծիքով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի հնարավորությունները բազմապատիկ ավելի են

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հանդիպել է ոլորտային ասոցիացիաների ղեկավարների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ այսօր այստեղ հյուրընկալելու ու առիթ ունենալու ինձ համար այս կարևորագույն ոլորտը ղեկավարելու և ձեզ հետ միասին այն առաջ տանելու համար: Առայժմ նպատակ չունեմ շատ խոսելու, հիմա աշխատելու ժամանակն է, խոսելու ժամանակը դեռ կգա»:

Անդրադառնալով նախկինում ոլորտում ունեցած իր փորձին՝ նախարարը փաստել է, որ մեր հնարավորությունները բազմապատիկ ավելի են, քան այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք: Նվազագույնից սկսելով՝ ներկայումս ոլորտը դարձել է ՀՀ արդյունաբերական, տնտեսական հիմնական ուղղություններից մեկը, և այսօրվա հանդիպման նպատակն է ֆիքսելու ընթացիկ իրավիճակը, քննարկելու հիմնական աշխատանքային, ռազմավարական, ծրագրային խնդիրները, հրատապ հարցերը և դրանք առաջ տանելու:

Նախարարը նաև հավելել է, որ նոր աշխատանքային ձևաչափ է մշակվելու՝ պետություն- մասնավոր հատված համագործակցությունն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Այնուհետև նախարարը խոսքը փոխանցել է «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանին: Վերջինս նշել է, որ նախորդ տարին շատ բարդ է եղել՝ համավարակի և պատերազմի հետ կապված, սակայն ներկայումս ոտքի կանգնելու փորձեր են արվում: Անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին և պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության հարցին և նշել, որ ոլորտին կենտրոն է հարկավոր և քաղաքականությունը չպետք է այնտեղ մտնի:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը բարձր է գնահատել միասին աշխատելու հնարավորությունը, խոսել է ոլորտի աճն ապահովելու նպատակով իրենց կողմից առանձնացված 5 ուղղությունների մասին, որոնք են՝ կրթությունը-աշխատուժը, ռազմարդյունաբերությունը, ՀՀ-ի դիրքավորումը աշխարհում ՏՏ ոլորտի մեջ, գիտահեն ներուժը և էլեկտրոնային կառավարումը:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանը շնորհավորել է նախարարին ստանձնած պաշտոնի և պատասխանատվության առիթով և նշել, որ նախարարությունը հիանալի թիմ ունի, որն ամբիցիոզ ծրագրեր իրականացնելու հիմք է ստեղծում: Կարևորելով կրթության նշանակությունը՝ վերջինս նշել է, որ հարկավոր է դպրոցից սկսել ոլորտի զարգացումը:

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին առկա դժվարությունները միասնական ջանքերով լուծելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ, միասնական ջանքերի շնորհիվ, ոլորտը բազմաթիվ նոր հաջողություններ է արձանագրելու մոտ ապագայում:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Գոռ Մելիքյանը և Վիկտորիա Պողոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում