Երևանում այս տարի 10 հա-ից ավելի տարածքում կհիմնվեն ուրբան այգիներ
3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի մերձակա տարածքներում հիմնվում են ուրբան այգիներ։ Աշխատանքների մեկնարկը տրվել է Ծիծեռնակաբերդի և Սարալանջի հատվածում։ Այս տարվա ընթացքում այդ ուղղությամբ նախատեսված են զգալի աշխատանքներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց, որ մայրաքաղաքի օդի մաքրության հարցում շատ կարևոր են ուրբան այգիները։
«Այս տարի այգիների հիմնման, եղած այգիները վերականգնելու ուղղությամբ զգալի ծրագրեր ունենք նախատեսած։ Մասնավորապես, Աշտարակի խճուղուց, երբ մուտք ենք գործում Երևան, այդ հատվածում 4,5 հա տարածքի վրա ուրբան անտառ կհիմնվի։ Աշխատանքները կիրականացնենք այս գարնանը։ Ֆիզիկայի թաղամաս կոչվող հատվածում 1 հա չորացած տարածք կա, որտեղ ևս այգի ենք հիմնելու։ Նոր նորքի 5-րդ զանգվածում՝ Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ՝ դեպի եկեղեցի տանող աստիճանավանդակների մոտ, 4 հա-ի վրա կհիմնվի նոր քաղաքային ուրբան անտառ»-ասաց Արմեն Բեգոյանը։
Նախատեսվում է վերականգնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 40 ամյակին նվիրված այգին։ Անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը նշեց, որ դեռ 30-ական թվականներից Երևանն առնված է եղել կանաչ օղակի մեջ։ Ցավոք, տարիներ անց էներգետիկ ճգնաժամի պատճառով շատ կանաչ տարածքներում ծառերը հատվեցին, որոշ տեղերում կառուցապատում իրականացվեց։ Երևանը մնաց բաց ափ մեջ, քամիների ազդեցության տակ։ Մասնագետն ընդգծեց, որ քամիները բարձրացնում են փոշին, ավազը, կեղտը, դրանք տարածում, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է ունենում օդի որակի վար։
«Դրանից բացի կան ավազի հանքեր, քաղաքում ինտենսիվ շինարարություն է։ Այդ ամենից պաշտպանվելու, իրավիճակը մեղմելու միակ եղանակը կանաչ տնկարկների ավելացումն է։ Անտառները կօգնեն, որ մեր նման ցամաքային քաղաքում իրավիճակը մեղմվի ու միկրոկլիմա ստեղծվի։ Ասեմ, որ ուրբան անտառներում տնկվող ծառերի ցանկում ինչպես դեկորատիվ, անտառային տեսակներն են, այնպես էլ պտղատու ծառերը»,-ասաց անտառագետը։
Մասնագետները նշեցին, որ ծառերը տնկելուց առաջ նախ լուծվում է ոռոգման խնդիրը։ Այս ուղղությամբ ևս մեծածավալ աշխատանք է կատարվում։ Դա կարևոր բաղադրիչ է ծառերի խնամքը պատշաճ իրականացնելու համար։ Ահա այդ աշխատանքների շնորհիվ է, որ արդեն իսկ հիմնված ուրբան անտառներում ծառերի կպչողականության բարձր տոկոս է ապահովվել։