Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հայ-ֆրանսիական և հայ-ավստրիական արշավախմբերը պեղումներ կսկսեն «Էրեբունի»-ում և «Կարմիր բլուր»-ում

Հայ-ֆրանսիական և հայ-ավստրիական արշավախմբերը պեղումներ կսկսեն 
«Էրեբունի»-ում և «Կարմիր բլուր»-ում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության չբացահայտված էջերը ներկայացնելու, նոր հայտնագործություններ անելու նպատակով 2021-ի ամռանը կամ աշնանը հայ-ֆրանսիական և հայ-ավստրիական արշավախմբերը աշխատանքներ են իրականացնելու «Էրեբունի» և «Կարմիր բլուր» պեղավայրերում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հնագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հիշեցրեց, որ արգելոց-թանգարանը գործում է «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» մասնաճյուղերով: 

««Կարմի բլուր»-ի տարածքով անցնում է Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհը կապող հանգույցը: Վերջերս ճանապարհի կառուցապատման ժամանակ այնտեղ խեցեղեն է հայտնաբերվել: Դիմեցինք «Կապավոր» կազմակերպությանը, որպեսզի աշխատանքները դադարեցվեն: Առաջիկայում այնտեղ նախատեսում ենք կանխարգելիչ ստուգողական պեղումներ սկսել, որ հասկանանք, թե կառույցներ կամ շերտեր կա՞ն: ՀՀ ԿԳՄՍՆ-ին կից միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովից ստացել ենք թույլտվությունը»,-ասաց նա:

Բադալյանը շեշտեց, որ 2021-ին «Էրեբունի» ամրոցում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն է պեղումներ իրականացնելու, բայց հստակ ժամկետներ չեն կարող ասել: Պեղումները կլինեն կա՛մ ամռան վերջում, կա՛մ աշնանը:

«Կարմիր բլուր» ամրոցում պեղումներ են սկսելու Ավստրիայի գործընկերների հետ: Ամենայն հավանականությամբ աշխատանքները մեկնարկելու են սեպտեմբերի վերջին: Իսկ «Շենգավիթ»-ում պեղումներ է իրականացնելու հնագետ Հակոբ Սիմոնյանը, որը «Շենգավիթ» հնավայրի հնագիտական արշավախմբի ղեկավարն է:

Բադալյանն ընդգծեց, որ համավարակի պատճառով 2020-ին «Էրեբունի» հնավայրում պեղումներ չեն եղել, բայց 2019-ին և՛ «Էրեբունի» ամրոցում, և՛ «Կարմիր բլուր»-ում, և՛ «Շենգավիթ»-ում աշխատել են: «Էրեբունի» ամրոցում հայ-ֆրանսիական արշավախումբ է աշխատել: «Շատ կարևոր էր Սուսի տաճարի դիմաց բացված  ուրարտական խճահատակը, որը թվագրվում է Ք.ա. 8-րդ դարով: Բացվել են նաև այլ կառույցներ, որոնք փոխում են մեր պատկերացումներն այդ տարածքի վերաբերյալ: Սյունազարդ դահլիճի հյուսիս-արևմտյան հատվածում բացվել է քառակուսի հատակագծով մի կառույց, որն ըստ երևույթին եղել է տաճար: Սրանք շատ կարևոր հայտնագործություններ են ոչ միայն Հայաստանի համար. դրանք ունեն տարածաշրջանային նշանակություն և առաջացրել են մեր արտասահմանյան գործընկերների մեծ հետաքրքրությունը»,-փաստեց հնագետը:

Ըստ Բադալյանի՝ «Կարմիր բլուր»-ում շատ կարևոր էր իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ: Մոտ չորս հեկտար տարածք սկանավորվել է հայ-ավստրիական արշավախմբի ջանքերով: Հատուկ գործիքի միջոցով սկանավորվել է հողի ընդերքը, որը հնարավորություն է տալիս կողմնորոշվել, թե որ հատվածն է առավել հարմար հնագիտական պեղումներ իրականացնելու համար:

«Կարմիր բլուր»-ում իրականացված պեղումների ժամանակ ֆիքսվել է նաև հետուրարտական շերտ, որը կարևոր է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հին Հայաստանի մի շատ կնճռոտ, ոչ այնքան լուսաբանված ժամանակաշրջանի ուսումնասիրության համար: «Դա այն շրջանն է, երբ անկում է ապրում Ուրարտական տերությունը և Հայաստանի տարածքում ստեղծվում է Երվանդունիների թագավորությունը: Ցավոք, մենք քիչ տեղեկություններ ունենք այդ ժամանակահատվածի վերաբերյալ և «Կարմիր բլուր»-ում այդ շերտի հայտնաբերումը մեզ համար շատ կարևոր ձեռքբերում էր»,-պատմեց Միքայել Բադալյանը:

Նա հայտնեց, որ վերջերս «Կարմիր բլուր»-ում հայտնաբերել են մի շատ կարևոր կառույց, որը հավանաբար պարսպապատ է կամ կարևոր պատ է՝ կից կառույցներով: Եթե կարողանան 2021-ին այդ կառույցը պեղել, լուրջ փոփոխություններ կլինեն «Կարմիր բլուր»-ի վերաբերյալ ընկալումներում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանի 2750-րդ տարեդարձի առթիվ։ Թանգարանն ստեղծվել է Երևանի վարչական սահմանների երեք նշանավոր հնավայրի՝ Արին բերդի, Կարմիր բլուրի, Շենգավիթի և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանն է Երևանում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am