Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

COVID-19. ՀՀ-ում վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են, համակարգն աշխատում է գերծանրաբեռնված

COVID-19. ՀՀ-ում վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են, 
համակարգն աշխատում է գերծանրաբեռնված

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական համակարգն այս փուլում աշխատում է գերծանրաբեռնված, վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչություն պետ Քնար Ղոնյանը նշեց, որ համաճարակով պայմանավորված` արդեն առկա են մասնակի կամ ամբողջությամբ վերապրոֆիլավորված 20-ից ավելի կազմակերպություններ: Դրանք և՛ Երևանում են, և՛ մարզերում՝ Լոռի, Սյունիք, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք, Արարատ:  Ծավալված մահճակալային ֆոնդն արդեն հասել է շուրջ 2500-ի: Վերակենդանացման բաժանմունքների մահճակալները գրեթե զբաղված են:

«Համապատասխան կենտրոնն օրական միջինը ունենում է հոսպիտալացման ենթակա 300 դեպքի մասին զանգ: Ունենք նաև հոսպիտալացմանը սպասող քաղաքացիներ, որոնց թիվը տատանվում է: Չեմ ուզում կոնկրետ թիվ նշել, որովհետև դա փոփոխական է, և մենք ամեն ինչ անում ենք, որ մեր քաղաքացիներն արագ հոսպիտալացվեն: Ամեն դեպքում ընդգծեմ, որ այո, մենք ունենք պացիենտներ, որոնք տանը կարող են մի քանի ժամ նույնիսկ օրեր սպասեն հոսպիտալացման իրենց հերթին»,-ասաց Քնար Ղոնյանը:

Նման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգն աշխատում է գերբեռնված: Հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի գրեթե լրացվածությամբ պայմանավորված` ամենօրյա ռեժիմով նոր կենտրոններ են ընդգրկվում գործընթացում: Քնար Ղոնյանն ընդգծում է, որ դա արվում է, բայց  պետք է նաև գիտակցել, որ եղած ռեսուրսները, մահճակալային ֆոնդն անսպառ չեն:

«2020 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, երբ մենք ունենում էինք կորոնավիրուսով պայմանավորված բավականաչափ դեպքեր, մեր առավելագույն հնարավորությունը շուրջ 3 հազար մահճակալի ծավալումն էր: Գործընթացում էլ ունեինք ընդգրկված շուրջ 30 կազմակերպություն: Հիմա արդեն հասել ենք 2500-ի մահճակալի ու 20-ից ավելի կազմակերպություն ընդգրկված է: Պետք է գիտակցել, որ առաջիկայում մենք կարող ենք խնդիր ունենալ»,-ասաց Քնար Ղոնյանը: Հարցին, թե մահճակալային ֆոնդի, ծանրաբեռնվածության ավելացմամբ պայմանավորված արդյոք աշխատողների պակաս զգացվում է, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այս փուլում միշտ էլ մասնագետի կարիք ունենում են: Նա ընդգծեց, որ մասնագիտական ռեսուրսն ու ներուժը ևս անսպառ չեն:

Օգտվելով առիթից՝ Քնար Ղոնյանը հորդորում է բոլոր քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ կրել դիմակներ, հաճախ ախտահանել ձեռքերը պահպանել սոցիալական հեռավորություն: Նա հավելեց, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շատ լարված է և մեկ անգամ էլ ընդգծեց՝ մահճակալային ֆոնդը, ունեցած ռեսուրսներն անսպառ չեն:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am