Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խորը վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին:

Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը: Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին:

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգևել հայ ժողովրդին:

Ցավակցություններս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, մեզ բոլորիս:

Հավերժ փա՛ռք նրա հիշատակին»,- ասված է վարչապետի ցավակցական խոսքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում