Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Մայիս

Ռազմական գործողությունների մանակիցները կանցնեն ծրագրավորման դասընթաց

Ռազմական գործողությունների մանակիցները կանցնեն ծրագրավորման դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական գործողություններին մասնակցած անձանց մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ու զբաղվածության ապահովման նպատակով հուշագիր է ստորագրվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  ու  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 

Ըստ այդմ՝ կկազմակերպվի ծրագրավորման լեզվի դասընթաց՝ առնվազն 200 մասնակցի համար․ կրթական կուրսը կարող է տևել 3-ից 6 ամիս՝ կախված մասնագիտությունից։ ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը մարտական գործողությունների մասնակիցների ֆիզիկական և հոգեբանական վերականգնումից զատ՝ կարևորել է վերջիններիս սոցիալական երաշխիքների, մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության ապահովումը։ «Պատերազմի մասնակիցների նկատմամբ պետության պարտավորությունը պատշաճ իրականացվում է առողջության վերականգնման և սոցիալական  երաշխիքների տրամադրման շրջանակում։ Միաժամանակ կարևորում ենք նաև պատերազմի մասնակիցների՝ մասնավորապես վիրավորում ստացած անձանց որակյալ կրթություն ստանալու և հետագայում աշխատանքով ապահովվելու իրավունքը»։

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում տեղի ունեցող նորարարություններին ու փոփոխություններին, նշել է, որ մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք է լինելու․ «Այս ծրագիրը մեր զինվորների համար կարևորագույն ծրագրերից մեկն եմ համարում, որը  հնարավորություն կտա կրթություն ստանալ և որոշակի գործիքակազմի տիրապետելով՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնել»։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ծրագրին մասնակցելու գործում էական է համարել մասնագիտական բազային գիտելիքների առկայությունը, նաև մասնակիցների՝ ծրագրում ընդգրկվելու ու սովորելու շատ մեծ ցանկությունը։ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է, որ ծրագրով  հետաքրքրված քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ։ Դասընթացների ընթացքում մասնակիցներին կտրվի կրթաթոշակ, և այն հաջողությամբ ավարտելուց հետո նրանք պրակտիկա կանցնեն ՏՏ կազմակերպություններում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ