Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ադրբեջանն ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ. Աննա Նաղդալյան

Ադրբեջանն ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման 
առաջամարտիկ. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ, որում նա անդրադարձել է Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման փաստին:

«Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման:

Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը:

Վերջին պատերազմից հետո պաշտամունքի վայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի 200 տարուց ավել պատմություն ունեցող «Կանաչ ժամ» եկեղեցու ավերումը փաստում է, որ ադրբեջանական կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմվում է միայն մեկ չափանիշի վրա, և այդ չափանիշը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելությունն է:

Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ:

Հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների՝ քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին լինելը:

Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված և մինչ օրս շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ»,- ասված է Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am