Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Իմ քայլը»-ից դուրս եկած պատգամավորները դժգոհեցին կառավարության վերաբերմունքից

«Իմ քայլը»-ից դուրս եկած պատգամավորները դժգոհեցին կառավարության 
վերաբերմունքից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը»-ից դուրս եկած պատգամավորները դժգոհեցին ԱԺ նախորդ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանին կառավարության վերաբերմունքից՝ այն առնչությամբ, որ գործադիրն առաջարկեց պատգամավորների հնչեցրած հարցերը ձևակերպել գրավոր և ուղարկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մարտի 25-ի նիստում Թագուհի Թովմասյանն ամբիոնից, դիմելով ԱԺ նախագահին, մասնավորապես ասաց. «Որպես խորհրդարանի նախագահ առնվազն երեկ պետք է միջամտեիք, որ մեր երեք անկախ պատգամավորների հարցերին քմահաճ ձևով կառավարությունը չպատասխանեց: Ես կարծում եմ, որ մենք այնպիսի հարցեր էինք բարձրաձայնել, որոնց պատասխանները կառավարությունը հաստատ ուներ: Եվ սա դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլը»-ից դուրս եկած պատգամավորներին»:

Նա հորդորեց ԱԺ նախագահին ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների նկատմամբ՝ շեշտելով, որ ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին է ներկայացնում, և օրենքը պարտադրում է նիստը վարել արդարության դիրքերից: Պատգամավորը նշեց՝ շատ կցանկանար, որ իր հարցի առնչությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի թանգարանի մասին կապված հարցը, բացահայտվեր հրապարակավ: «Շուրջ երկու տարի և դեռ ավելի, գրագրություն է ընթանում պետական գերատեսչությունների և թանգարանի տնօրենի՝ Հրանտ Մաթևոսյանի որդու միջև»,-ասաց նա ու հավելեց, որ կառավարությունը չպատասխանելով ոչինչ չի շահում:

Թովմասյանը հիշեցրեց, որ կառավարությունը պարտավոր է պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ճշգրտում արեց. «Անկախ պատգամավոր չկա, կան խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ, սա որքան ֆորմալ, նույնքան էլ խորիմաստ ձևակերպում է»:

Այս առնչությամբ դժգոհություն հայտնեց նաև «Իմ քայլը»-ից դուրս եկած Գոռ Գևորգյանը:

ԱԺ մարտի 24-ի նիստում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին «Իմ քայլը»-ից դուրս եկած երեք պատգամավորների՝ Թագուհի Թովմասյանի, Գոռ Գևորգյանի և Սոֆիա Հովսեփյանի հարցերին կառավարության ներկայացուցիչները բանավոր չպատասխանեցին՝ խնդրելով դրանք ձևակերպել գրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am