Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առողջապահություն, շինարարություն, արդյունաբերություն. որ ոլորտներում աշխատատեղերի խիստ պահանջարկ կա

Առողջապահություն, շինարարություն, արդյունաբերություն. որ ոլորտներում 
աշխատատեղերի խիստ պահանջարկ կա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության զբաղվածության տարածքային կենտրոններն ունեն գործատուներից ստացված 1674 թափուր աշխատատեղի մասին հայտեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ բարձր որակավորման մասնագետ պահանջող թափուր աշխատատեղերի ցանկում գերակշռում է առողջապահության ոլորտը: 

«Ինչպես գիտենք, Հայաստանի աշխատաշուկայում բարձր որակավորում պահանջող թափուր աշխատատեղեր ամենից շատ առկա են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն մեզ մոտ ներկայացված հայտերում գերակշռում է առողջապահական բնագավառը: Քովիդով պայմանավորված բուժաշխատողների թվի ավելացման անհրաժեշտություն կա՝ բժիշկներ, նեղ մասնագետներ, բուժքույրեր»,-ասաց Ժորա Սարգսյանը: 

Կան թափուր աշխատատեղերի կրկնվող հայտարարություններ, երբ երկար ժամանակ դրանք չեն համալրվում: Ժորա Սարգսյանի խոսքով, օրինակ, առկա է բանվորների 300-ից ավելի թափուր աշխատատեղ: Դրա մի մասը չի լրացվում՝ կապված աշխատանքային պայմանների, ցածր աշխատավարձի հետ: 

Ժորա Սարգսյանը նկատեց, որ թափուր աշխատատեղերի հայտեր ստանում են նաև ծառայությունների, սպասարկման, առևտրի ոլորտներից: Թեպետ այդ միտումները համեմատելու չեն մինչ համավարակը եղած իրավիճակի հետ: 

«Հաշվի առնելով, որ ներկայում լոքդաուն այլևս չկա և տնտեսության ոլորտները սահմանափակում չունեն գործունեության հետ կապված, ապա կարող ենք ասել, որ ավելի լավ պայմաններ կան աշխատաշուկայում, քան եղել է այն ժամանակահատվածում, երբ քովիդով պայմանավորված խնդիր կար»,-ասաց Ժորա Սարգսյանը: Ինչ վերաբերում է աշխատանք փնտրողների ցուցանիշին, ապա նախարարության ներկայացուցիչը նշեց, որ զբաղվածության տարածքային մարմիններում հաշվառված է 63 հազար 23 գործազուրկ: Ինչը նախորդ տարվա համեմատ շատ չնչին է փոխվել: 

Staff.am կարիերայի հարթակը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետը (ԳՏՖ) համատեղ իրականացրել են աշխատաշուկայի վերլուծություն: «Արմենպրես»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ համավարակը բացասաբար է ազդել տնտեսության բոլոր ոլորտների վրա: Մասնավորապես, բոլոր ոլորտները ներկայացնող ընկերություններն ավելի սակավ աշխատանքի հայտարարություններ են տեղադրել հարթակում: 

Առավել քիչ տուժած ոլորտներն են` «Ծրագրավորումը»  և «ՏՏ ոլորտի այլ ենթաոլորտները»: Համավարակի թվերի որոշակի անկումից հետո որոշ ոլորտներում արձանագրվել է հայտարարությունների թվի աճ: Վերը նշված երկու ոլորտներում աճը հանգեցրել է ոչ միայն մինչհամաճարակային հայտարարությունների թվի վերականգնման, այլ այն գերազանցել է  մինչհամաճարակային մակարդակը: Բանկային ոլորտն անկումից հետո շարունակում է պահպանել հայտարարությունների թվի նույն հետհամաճարակային մակարդակը:  Վաճառքի և մարքեթինգի ոլորտները համաճարակի պատճառով ևս անկում են գրանցել, և հետհամաճարակային շրջանում պարբերաբար տատանումներ են գրանցում, սակայն տատանումների ընթացքում երբևէ չեն հասել մինչհամաճարակային մակարդակներին:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, աշխատաշուկայում վիճակը դեռ այնքան էլ հաջող չէ, խնդիրները տարբեր ուղղություններով են:

«Մենք մի քանի խնդիրներ ունենք: Նախ` այն, որ մենք տղամարդկանց աշխատուժ ենք կորցրել պատերազմի հետևանքով: Շատերը զոհվել են, շատերը վիրավորվել: Այսօր շատ ընկերություններ ունեն աշխատողի էական դեֆիցիտ: Դա լուրջ թիվ է, որը պետք է լրացվի»,-ասաց Գագիկ Մակարյանը: Հաջորդ խնդիրը, ըստ Գագիկ Մակարյանի, աշխատաշուկայում ունենք ավելացած գործազրկություն՝ պայմանավորված կորոնավիրուսով, պատերազմով, որովհետև տարբեր ընկերությունների գործունեությունը խաթարվել է: Երրորդ խնդիրն այն է, որ համավարակը առաջ բերեց թվային տեխնոլոգիաներով, ինտերնետով աշխատելու աշխատանքային նոր պահանջներ, բայց ոչ բոլոր աշխատողներն էին տիրապետում: Այստեղ, Գագիկ Մակարյանը կարևոր է համարում կրթական հատվածում փոփոխությունները:

«Աշխատաշուկայի կարիքներին ոչ միշտ է կարողանում կրթական համակարգն արձագանքել: Դա նախկինից եկող խնդիր է, բոլոր ժամանակներում էլ այդ խնդիրն առկա է: Մասնագիտական կրթական համակարգում մենք դեռ չենք կարողանում ճիշտ գնահատել աշխատաշուկայի կարիքները, այն է, թե որ մասնագիտություններն են պահանջված, որոնք պետք է ուսուցանվեն, և երկրորդը՝ ինչ քանակով պիտի կադրեր ուսուցանվեն»,-ասաց Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով, երիտասարդները հաճախ չեն գնում արդյունաբերական ճյուղերում մասնագիտանալու: Այսօր գործատուների ներկա պահանջարկը տնտեսության համարյա բոլոր ճյուղերում կա: Ամենամեծ կադրային դեֆիցիտը կա շինարարության մեջ՝ բանվորից մինչև պատ շարող պահանջարկ կա,  մետամղամշակման, կարի ոլորտում թափուր աշխատատեղեր կան և այլն: 

Ստացվում է մի կողմից համավարակի հետևանքով տարբեր ոլորտների հասցված վնասով պայմանավորված բազմաթիվ մարդիկ գործազուրկ դարձան, մյուս կողմից ասում ենք, որ գրեթե բոլոր ոլորտներում թափուր աշխատատեղ կա. ի պատասխան այս դիտարկմանը, Գագիկ Մակարյանը նշեց, որ համապատասխան որակավորման խնդիր կա: 

«Նրանք, որոնք գործազուրկ են դարձել, օրինակ, հանրային սննդից, տուրիզմի ոլորտից, արդյունաբերության մեջ չեն կարող աշխատել, պետք է վերապատրաստվեն: Հաջորդ խնդիրը՝ առանց կորոնավիրուսի էլ այդ մասնագիտությունների մեծ մասով երիտասարդները չեն գնում աշխատել, այդ տեղերը տարիներ շարունակ չեն լրացվում, դրա համար տարիքով մարդիկ են շարունակում աշխատել, որի արդյունքում էլ պակասում է արտադրողականությունը»,-հավելեց Գագիկ Մակարյանը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]