Նախարարությունը մշակում է գործիքներ՝ զսպելու պատերազմից հետո ներդրումային դաշտի ռիսկերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում պատերազմից հետո ներդրումային դաշտի հետ կապված խնդիր տեսնում է, սակայն վստահեցնում է, որ պետությունը մշակում է ռիսկերը կլանելու գործիքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Փոխնախարարի խոսքով՝ ներկայիս դրությամբ մի շարք ներդրումային ծրագրեր քննարկման փուլում են՝ սկսած գաղափարի մակարդակից, վերջացրած որոշակի քայլերով:
«Ամբողջ տարածաշրջանում ներկայիս դրությամբ ներդրումային դաշտի հետ կապված խնդիր կա: Եղել է պատերազմ, որը ցանկացած նոր ներդրումային ծրագրի համար ստեղծում է ռիսկեր, դա ակնհայտ է: Հիմա մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որ այդ ռիսկերը կլանվեն: Թե ինչպես է պետք դա անել, հիմա քննարկվում է»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ գաղափարախոսության մակարդակի վրա այդ գործիքները մշակվել են, մնացել է տեխնիկական մասը:
Քննարկվում է հատուկ գործիքակազմի հարց՝ ներդրումային ծրագրերի ուղղակի աջակցություն, ենթակառուցվածքի տրամադրում: Փոխնախարարը միանշանակ է համարում, որ ներդրումային միջավայրը վատացել է, առնվազն ժամանակ է պետք, որ նորից ներդրողներ գան:
«Կարճաժամկետում խնդիրը միանշանակ առկա է, նույնիսկ միջնաժամկետում է այդ խնդիրը առկա: Սակայն, համենայնդեպս, մոդելները ցույց են տալիս, որ երկարաժամկետում մենք կարողանալու ենք շարունակել աճել»,- նշեց փոխնախարարը:
Ավանեսյանը հիշեցրեց այն գործոնների մասին, որոնք ներդրողների համար Հայաստանը դարձնում են հետաքրքիր՝ աշխատուժի որակը, հասանելիությունը ԵԱՏՄ շուկաներին և այլն: