1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հադրութում հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի. Կրոնական ազատության մասին ԱՄՆ հանձնաժողովի զեկույց

Հադրութում հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի. 
Կրոնական ազատության մասին ԱՄՆ հանձնաժողովի զեկույց

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թվականի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, որում անդրադարձել է երկրում 2019 թվականի ընթացքում արձանագրված միտումներին և զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ 2020 թ-ի սկզբին USCIRF առաքելությունն այցելել էր Ադրբեջան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Զեկույցը ներառել է նաև անցած տարվա վերջին ԼՂ շուրջ ռազմական հակամարտության հետ կապված դրույթներ:

Ըստ հանձնաժողովի՝ Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ խնդրահարույց հակասական օրենսդրության, մասնավորապես, «Կրոնական ազատությունների մասին» 2009 թ. օրենքի պատճառով: Իշխանությունները հետաքրքրվածություն չեն ցուցաբերում այն վերանայելու հարցում:

Զեկույցն անդրադարձել է նաև բազմաթիվ այլ խնդիրների՝ կրոնական համայնքների գործունեությունը սահմանափակող տարրերի և պարտադիր գրանցման պահանջին, կրոնական ակտիվիստների նկատմամբ շարունակվող ճնշումներին, մասնավորապես, նրանց ազատազրկմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված հակամարտության համատեքստում գրանցված վերջին խախտումներին:

Ըստ զեկույցի՝ 2020 թ-ի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների շուրջ վերսկսված ռազմական հակամարտության ընթացքում Հայաստանը մեղադրեց Ադրբեջանին սբ. Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ռմբակոծման մեջ: Հրապարակված հաղորդագրությունների համաձայն, նշված է զեկույցում, եկեղեցին երկու անգամ ենթարկվել է հրթիռային ուղիղ հարվածների, որոնք զգալիորեն վնասել են եկեղեցու տանիքը և ներսը: Զեկույցը մեջբերում է «Human Rights Watch»-ի անցած տարվա դեկտեմբերի եզրակացությունը, ըստ որի, դա դիտավորյալ հարձակում էր, որը որակվում է որպես ռազմական հանցագործություն: Այն պետք է հետաքննվի, իսկ մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության, ասված է հանձնաժողովի զեկույցում:

Զեկույցն ընդգծում է, որ նոյեմբերին ստորագրված զինադադարի մասին հայտարարությունը մտահոգություններ են առաջացրել Ադրբեջանին անցած տարածքներում տարբեր եկեղեցիների, վանքերի, տապանաքարերի և այլ կրոնական ու մշակութային վայրերի պաշտպանության վերաբերյալ: Ըստ զեկույցի, նախագահ Ալիեւը հավաստիացումներ է տվել ՌԴ նախագահ Պուտինին, որ քրիստոնեական վանքերը այդ տարածքներում կպահպանվեն, սակայն, պատմական որոշ վայրեր, ինչպիսիք են Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը, ենթարկվել են վանդալիզմի: Հանձնաժողովը հիշեցնում է, որ նոյեմբերի վերջին ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կառույցը ևս կոչ է արել պահպանել պատմամշակութային կոթողներն այս տարածքներում և առաջարկել առաքելություն ուղարկել այնտեղ՝ պատմամշակութային ժառանգության կոթողների գույքագրում իրականացնելու համար:

Կրոնական միջազգային ազատությունների հարցերով ԱՄՆ հանձնաժողովը հանդես է եկել մի շարք առաջարկություններով՝ ուղղված ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին: Հանձնաժողովն առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությանը ներառել Ադրբեջանը պետքարտուղարության հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատությունների ոտնահարման պատճառով, ինչպես նաև համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ`«Կրոնական ազատությունների մասին» 2009 թվականի օրենքը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

Հանձնաժողովը նաև առաջարկում է ԱՄՆ Կոնգրեսին անցկացնել հանրային լսումներ՝ Ադրբեջանում կրոնական ազատության իրավունքի եւ մարդու այլ իրավունքների խախտումների շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]