Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները պատրաստում են դրոններ և ռոբոտներ

Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները պատրաստում են դրոններ և ռոբոտներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՉՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում հիմնական մասնագիտություններից մեկը մեխատրոնիկան է: Այս մասնագիտության շրջանավարտներն իրականացնում են ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված և ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտացված և ավտոմատ հոսքագծերի նախագծման, շահագործման, փորձարկման ու ծրագրային սպասարկման աշխատանքներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Մեխատրոնիկան համեմատաբար երիտասարդ մասնագիտություն է, բայց՝ բավականին կայացած: Տարիներ շարունակ մեր քոլեջը բարձր գիտելիքներ և հմտություններ ունեցող կադրեր է թողարկել այս մասնագիտությամբ, համագործակցել ենք Հայաստանի մի շարք պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ: Մեր հիմնական սոցիալական գործընկերները հանրապետության ճանաչված և առաջատար ընկերություններն ու ձեռնարկություններն են, որտեղ պրակտիկա են անցնում և հետագայում աշխատանքի տեղավորվում մեր ուսանողները: Օրինակ՝ «Ռոբոտաշինություն» ու «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» նոր մասնագիտացումների գծով դուալ համակարգի պիլոտային ծրագիրն իրականացրել ենք Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) հետ: Ծրագրի շրջանակում մշակել ենք ռոբոտաշինության կրթական չափորոշիչը, և ընդունելություն կիրականացնենք նաև այս մասնագիտությամբ»,- նշում է քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը և ընդգծում, որ քոլեջի շրջանավարտների մեծ մասն ընդունվում է աշխատանքի, սակայն նրանցից 25-40 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ:

Քոլեջի ուսանողները որպես կուրսային և դիպլոմային աշխատանքներ շատ հաճախ ներկայացնում են իրենց պատրաստած ռոբոտները: Այդ ուսանողներից մեկը  «Մեխատրոնիկա» բաժնի 3-րդ կուրսի սովորող Հայկն է, ով մեծ ոգևորությամբ ներկայացնում է ուսանողների պատրաստած արտադրանքը․ «Պատրաստել ենք ռոբոտներ, որոնք կառավարում ենք հեռախոսի միջոցով: Նախագծել ենք նաև 3 D պրինտեր, որը զրոյից ենք հավաքել: Այն խիստ անհրաժեշտ արտադրանք է, որովհետև դրոնի և ռոբոտի դետալներն ամբողջությամբ տպում ենք այդ պրինտերով: Բացի դրանից՝ ստեղծել ենք քոլեջի ավտոմատացված զանգ, որի կաղապարը նույնպես այդ պրինտերով ենք սարքել: Պատրաստել ենք նաև զանգի երկրորդ մոդիֆիկացիան. այն աշխատում է բարձրախոսների միջոցով և ամեն օր ավտոմատ ազդարարում քոլեջի կարևոր հաղորդագրությունները, օրինակ՝ դասամիջոցի ավարտին մնաց այսքան րոպե, կրե՛ք դիմակ և այլն»:

Սովորողների հաջորդ արտադրանքը պրինտերի նյութն է, որը, ըստ Հայկի, մինչև այժմ ստանում էին արտերկրից․ «Ուսանողներով և դասախոսներով ներդրում ենք արել, օգնել է նաև քոլեջը, և համատեղ ջանքերով կարողացել ենք ստեղծել մեր տեղական արտադրանքը, որը բոլորիս ոգևորել է: Ստեղծել ենք նաև մանիպուլյատոր, որն իրեր է տեղափոխում և ավտոմատ շրջանցում արգելքներ: Նախագծել ենք նաև դրոն, որը լաբորատոր տարբերակ է: Թիրախը տեսնելով՝ սարքը լազերը գցում է վրան, տալիս համապատասխան տվյալները և դրոնն ուղղում այդ ուղղությամբ»:

Քոլեջի ուսանողներն իրականացնում են նաև տարբեր նշանակության ռոբոտների նախագծում և դրանց աշխատանքի կատարման ծրագրավորում, կարգավորում դրանց մասերի աշխատանքը, ապահովում ռոբոտի և դրա օգտագործողի անվտանգ աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]