Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Մարտ

ԱԳ նախարարը վստահեցնում է՝ Ադրբեջանի վրա հետզհետե աճում է գերիների հարցով միջազգային ճնշումը

ԱԳ նախարարը վստահեցնում է՝ Ադրբեջանի վրա հետզհետե աճում է գերիների հարցով 
միջազգային ճնշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վստահեցնում է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաև միջազգային գործընկերներն ամեն ինչ անում են՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել պատանդառությունից և վերադարձնել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Այվազյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարը վստահեցրեց, որ ռազմագերիների հարցը ՀՀ իշխանությունների առաջնային ուշադրության ներքո է՝ օրը 24 ժամ: «Միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Միջազգային ճնշումը հետզհետե աճում է: Ինչպես և ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք՝ Ադրբեջանի համար: Եվ մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա՝ հումանիտար այս կարևորագույն հարցին»,-ասաց Այվազյանը:

Նա հորդորեց համբերությամբ լցվել, լավատես լինել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվում է ոչ միայն մեր իշխանությունների, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, մեծ ջանքեր են գործադրում նաև Հայաստանի միջազգային գործընկերները:

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության տեքստի 8-րդ կետով նախատեսված է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Սակայն մինչև այժմ Ադրբեջանը ամբողջությամբ չի վերադարձնում հայ գերիներին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ