Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Ավելի քան 100 ուսանող կրթություն կստանա հեռուստատեսության ոլորտում. Առաջին ալիքում բացվել է մեդիա ակադեմիա

Ավելի քան 100 ուսանող կրթություն կստանա հեռուստատեսության ոլորտում. Առաջին 
ալիքում բացվել է մեդիա ակադեմիա

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիան ավելի քան 100 մասնակցի հնարավորություն է ընձեռնել  մասնագիտանալ հեռուստատեսության ոլորտում, փորձել իրեն ունակությունները և ինչու չէ` ընդունվել աշխատանքի Առաջին ալիքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի, լրագրողների  հետ զրույցում այս մասին նշեց Մեդիա ակադեմիայի ղեկավար Լենա Մինասյանը: Նա հիշեցրեց, որ հունվարի 15-ին Առաջին ալիքի մեդիա ակադեմիան հայտարարել էր ընդունելություն` լրագրության, սպորտային լրագրության և հաղորդավարական արվեստ բաժինների համար, որի ընթացքում ստացել էին ավելի քան 3 հազար դիմում: Առաջին փուլում ժյուրիի անդամները մոտիվացիոն նամակների և ինքնակենսագրականների հիման վրա ընտրել էին 725 մասնակցի և հրավիրել հարցազրույցի:

«Հանդիպման ընթացքում առաջնորդվել ենք թե ընդհանուր գիտելիքներով և թե այն կադրերի կարիքներով, որն ունի այսօր Հանրային հեռուստաընկերությունը: Հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, թե  ովքեր են սովորելու մեդիա ակադեմիայում:  Դասերը մեկնարկելու է մարտի 1-ին, որոնք անցկացվելու են Հանրային հեռուստաընկերության տարածքում: Բոլոր մասնակիցները կստանան մասնագիտական դիպլոմներ, իսկ նրանցից լավագույններն արդեն ավարտական ամիսներին հնարավոր է անցնեն աշխատանքի»,- ընդգծեց Մինասյանը:

Մեդիա ակադեմիայի ղեկավարը հավելեց, որ ուսանողները ստանալու են հիմնականում պրակտիկ գիտելիքներ, օրինակ` լրագրության բաժնի ուսանողները բաժանվելու են խմբերի, կցվելու են լրագրողներին և հնարավորություն են ունենալու մասնակցել արտադրական և ստեղծագործական պրոցեսներին:

Դիմելով Մեդիա ակադեմիայի ուսանողներին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ հաղորդավարուհի Նարա Շլեփչյանը շեշտեց, որ հեռուստատեսության ոլորտը չափազանց ծանր է և գայթակղիչ:

«Պետք է աշխատեք ձեզ վրա, լինեք անկողմնակալ, բայց ոչ անտարբեր: Պետք է սիրեք հայրենիքը, ժողովրդին, քանզի մենք բոլորս կոչված ենք ծառայելու մեր ժողովրդին»,- ասաց Շլեփչյանը:

Արմինե Թովմասյանը,ով հաջողությամբ ընդունվել է Մեդիա ակադեմիայի լրագրության բաժին, մեծ ցանկություն ուներ հայտնվել Հանրային հեռուստաընկերությունում ու սովորել այնտեղ: «Ներքուստ վստահ էի, որ այս միջավայրը ինձ շատ բան է տալու: Ու հիմա արդեն սպասումներս շատ են ու գիտակցում եմ, թե ինչ մեծ պատասխանատվություն է ուսերիս` մասնագետների տված գիտելիքները պետք է վերցնեմ, կրկնապատկեմ և վերարտադրեմ: Հուսամ` կարդարացնեմ բոլորի սպասելիքները»,- ընդգծեց Թովմասյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ