Հասարակական

Փաշինյանը կոշտ արձագանքեց Ներքին Կարմիրաղբյուրում պուրակի կառուցման ուշացման խնդրին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը կոշտ արձագանքեց Ներքին Կարմիրաղբյուրում պուրակի կառուցման ուշացման խնդրին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակի կառուցման շինաշխատանքներն ուշանում են գույքերի գրանցման պատճառով: «Մինչև օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որպեսզի կարողանանք աշխատանքներն սկսել այնտեղ»,- այդ մասին կառավարության նիստում նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ ավելացնելով, որ սեփականատերերի ժառանգության հետ կապված խնդիրներ են առաջացել, դատական պրոցեսներ են տեղի ունենում:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ի վերջո այդ հարցը լուծվելո՞ւ է: Մինչեւ հիմա ինչի՞ չի լուծվել: Ո՞ւմ դաշտում է: Գնացել ենք մարդկանց խոստացել, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունները ձեռք են բերվել, պարզվում է մինչև հիմա չի արվե՞լ»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ հետամուտ լինել, ճշտել ու զեկուցել, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այդպես չի լինի, մենք օգոստոս-սեպտեմբերին գնացել, նայել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է մինչև հիմա գրանցման հարց կա՞: Պետք չի պարզել ու զեկուցել, պետք է գնալ և լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ: Չեմ հասկանում, ուղղակի, գումարը տրված է, պայմանավորվածությունները ձեռք բերված են, տունը գնված է, նախագիծը հաստատված է, գյուղացիներն ուզում են, որ պուրակը լինի, բայց գործն առաջ չի գնացել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում