Քաղաքականություն

Բրիտանացի նախարարը կարևորել է կրակի դադարեցումը և տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը

3 րոպեի ընթերցում

Բրիտանացի նախարարը կարևորել է կրակի դադարեցումը և տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին, որը կարևորել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, իսկ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ Մեծ Բրիտանիան՝ որպես գործընկեր, կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը ռազմագարերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը նշել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող գործընկերային հարաբերություններն առավել աշխուժացման կարիք ունեն, ինչին մեծապես կարող է նպաստել երկու խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության կյանքի կոչման եւ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար հայկական կողմի համար առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձը հայրենիք: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ հայկական կողմի համար շարունակում են օրակարգում լինել Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Նախարար Մորթընը իր հերթին կարեւորել է կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարեփոխումների օրակարգի, ինչպես նաեւ ՄԹ ֆինանսական աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքի եւ հաջողությունների վերաբերյալ:

«Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ կարեւորել է ռազմագարերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի հարցը եւ հույս հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունը՝ որպես գործընկեր, կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը»,- հայտնել են ՀՀ Ազգային ժողովից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում