Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամությունն ու պատմական խոր ավանդույթները լավագույն հիմքն են փոխշահավետ համագործակցության զարգացման և խորացման համար:

Տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն առավել մեծ կարևորություն է տալիս երկկողմ փոխշահավետ ծրագրերի շուտափույթ և լիակատար իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և տարածաշրջանի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:

Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը նորովի է կարևորում մեր ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և փոխադարձ հարգանքը՝ հնարավորություն ընձեռելով առավել խոր փոխգործակցության:

Հայաստանը վճռական է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և տարածաշրջանի:

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց:»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում