Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Պրոֆեսիոնալ զինվորականը. ընկերները՝ Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից Վահե Ղահրամանյանի մասին

Պրոֆեսիոնալ զինվորականը. ընկերները՝ Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից 
Վահե Ղահրամանյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից Վահե Ղահրամանյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանող է: Ծնվել է 1997 թվականի հունվարի 31-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ 2014-ին ավարտել է Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանը, 2014-2018 թվականներին սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո ՊԲ զորամասում նշանակվել է տանկային դասակի հրամանատար։ Վահեն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրանտ է և շուտով պիտի ավարտական թեզ պաշտպաներ, սակայն 44-օրյա պատերազմից հետո նրա ճակատագիրն ու գտնվելու վայրն անհայտ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԳԿՄԿ հանրային կապերի բաժինը զրուցել է հերոս Վահեի մայրիկի՝ տիկին Էմմայի, ինչպես նաև նրա ընկերների, կուրսընկերների հետ: Նրանք հպարտությամբ են պատմում Վահեի սխրագործությունների, մարտական տրամադրվածության և ոգու մասին:

Վահեն սեպտեմբերի 27-ից մասնակցել է պաշտպանական շրջանների մարտական գործողություններին։ Նրա մասնակցությամբ բազմաթիվ հերոսական դրվագների մասին են պատմում նաև մարտական ընկերներն ու հրամանատարները։ Հոկտեմբերի 3-ի տվյալներով՝ Վահեն իր տանկով ոչնչացրել է թշնամու՝ 15 և ավելի տանկ: Պատմում են, թե ինչպես փոխգնդապետ Բազիկյանի մասնակցությամբ նա Եղնիկների ուղղությամբ 1 տանկով շարքից հանել է մի քանի հետևակի մարտական մեքենա և հակառակորդի դիտակետեր։ Հոկտեմբերի 7-ին կատաղի մարտեր են ընթացել Ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղություններով: Առաջին մարտի ժամանակ Վահեն հասցրել է մարտադաշտից դուրս բերել բազմաթիվ վիրավոր և զոհված ընկերների: Նույն օրը՝ երկրորդ մարտի ժամանակ, 20 ժամ անընդմեջ եղել է մարտական գործողությունների կիզակետում: Սրանք ընդամենը մի քանի դրվագ են հայորդու սխրագործություններից։ Ցավոք, Վահեից դեռևս որևէ լուր չկա:

Կուրսընկերներն անասելի ցավով են խոսում Վահեի բացակայության մասին: Ռայան՝ կուրսի ավագը, պատմում է, որ Վահեն մանկուց ապրել և մեծացել է զինվորական կենսակերպով: «Վահեն եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բոլորի կողմից շատ սիրված, անչափ բարի, հավասարակշռված և նվիրվող երիտասարդ: Չեմ կարող նրա հետ կապված որևէ բացասական դրվագ հիշել: Վահեի բացակայությունը անչափ ծանր է անդրադարձել յուրաքանչյուրիս վրա»,- նշում է Ռայան:

Վահե Ղահրամանյանի հարազատներին հրամանատարությունը տեղյակ է պահել, որ զինծառայողին ներկայացրել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ողջ անձնակազմն իր երախտիքի խոսքն ու աջակցությունն է հայտնում մարտի ընթացքում ընկած բոլոր տղաների ընտանիքներին. «Հավերժ փա՛ռք մեր Հերոսներին, Հավերժ փա՛ռք Վահեին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am