Քիչ կոռուպցիոն ռիսկ պարունակող ծրագրերով ենք փորձում օժանդակել գյուղացիներին. նախարար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ պետությունը ներկայում գյուղացիներին փորձում է աջակցել ավելի արդյունավետ և քիչ կոռուպցիոն ռիսկ պարունակող ծրագրերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ:
ԼՀԿ-ից Արմեն Եղիազարյանը նշեց, որ սուբսիդավորման ծրագրերն ինչ-ինչ պատճառներով դադարեցվել են, նա կարևորեց, որ դրանք վերսկսվեն, գյուղացին ուղիղ աջակցություն ստանա:
Քերոբյանը արձագանքեց. «Այդ ինչ-ինչ պատճառը շատ կարևոր է հասկանալ, այդ ինչ-ինչ պատճառը եղել է կոռուպցիայի մեծ աղբյուր և անարդյունավետ է եղել: Մեծ ռեսուրսներ ներդնելով՝ ստացել են ոչ այդքան մեծ արդյունք»:
Նախարարը վստահեցրեց, որ հիմա նույն օժանդակությունը, բայց այլ ձևակերպմամբ և այլ գործիքակազմով տրամադրում են գյուղացուն ավելի հարմար ձևով: «Մենք ավելի արդյունավետ և քիչ կոռուպցիոն ռիսկ պարունակող ծրագրերով ենք փորձում օժանդակել գյուղացիներին: Նաև պարարտանյութի և դիզելային վառելիքի սուբսիդավորման ծրագրերի փոխարեն ունենք 3-15 մլն դրամանոց վարկերի սուբսիդավորման ծրագիր, որի ներքո գյուղացիները շատ հանգիստ կարող են իրենց դիզվառելիքը կամ պարարտանյութը ձեռք բերել: Այդ գործիքը հաջողությամբ աշխատել է անցյալ տարի»,-ասաց Քերոբյանն ու հավելեց, որ ծրագիրը շատ մեծ արդյունք է տվել, մեծ քանակի շահառուներ ունի:
Նա վստահեցրեց, որ նախարարությունն ավելի շատ հակված է հաջող ծրագրերը շարունակելու, քան վերադառնալու նախկին անհաջող ծրագրերին: