Չեմ պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը հայտնեց, որ երբևէ ներգրավված չի եղել և չի պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լիլիթ Թադևոսյանը հայտնեց Ազգային ժողովում իր ընտրության հարցի քննարկման ընթացքում՝պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
«Ո՛չ 2008 թվականին, ո՛չ էլ այսօր ներգրավված չեմ եղել և չեմ պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի: Դա կարող է վկայել իմ անցած ճանապարհը, բացառապես զբաղվել եմ իմ մասնագիտական աշխատանքով ու կատարել եմ իր պարտականությունները որպես մեղադրող դատախազ: Որպես դատավոր ներգրավված չեմ եղել և չեմ պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում»,- ասաց Թադևոսյանը:
Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի առնչությամբ քրեական գործերին՝ Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ իրեն հանձնարարվել է այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներգրավվել է որպես մեղադրող դատախազ ու մասնակցել այդ գործերի քննությանը:
Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001 թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: