1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՕԽ-ին նախապատրաստվող մարզիկները  հոգեբանական ծառայություններ կստանան. փոխնախարար Գիլոյան

ՕԽ-ին նախապատրաստվող մարզիկները  հոգեբանական ծառայություններ 
կստանան. փոխնախարար Գիլոյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը խոսել է սերտ համագործակցության անհրաժեշտության, համատեղ ծրագրերի ընդլայնման և ֆեդերացիաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տարբերակների մասին: Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները շատ են, սակայն հանձնվելը մարզաշխարհին բնորոշ չէ, ուստի համատեղ ուժերով հնարավոր կլինի դիմակայել մարտահրավերներին. «Սա մեր առաջին հանդիպումն է և համատեղ աշխատանքի սկիզբը: Պատերազմը, համավարակը, տնտեսական խնդիրներն անհետևանք չեն մնացել նաև սպորտի ոլորտի համար: Կան դժվարություններ, բայց հետևողական և տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանանք վերականգնվել, ապա առաջընթաց գրանցել»:

«Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտի կարգավորմանն ուղղված իր ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին: Կ. Գիլոյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է միջազգային համագործակցությունների ընդլայնումը և միջազգային սպորտային կառույցներում մեր երկրի ներկայացվածությունը:

«Պետք է վերականգնենք մեր երբեմնի ավանդույթները և ներկայացուցիչներ ունենանք միջազգային կառույցներում, ֆեդերացիաներում: Այդ ներկայացվածությունը միմիայն դրական է ազդելու մեր մարզիկների՝ միջազգային հարթակներում ելույթների և մեր երկրի հեղինակության բարձրացման վրա: Նախարարությունն առաջիկայում կսկսի աշխատանքներն այդ ուղղությամբ՝ համակարգելով միջազգային կառույցների հետ ձեր կապերը»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել, որ միջազգային ասպարեզում լավագույնս ներկայանալու համար պարբերաբար կազմակերպվելու են սեմինարներ և վերապատրաստումներ մարզչական, մրցավարական և տեխնիկական անձնակազմերի համար:

Կ. Գիլոյանը ֆեդերացիաների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ շուտով ստեղծվելու է Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին հոգեբանական ծառայությունների տրամադրման խումբ. «Մարզիկները, հատկապես նախամրցումային փուլում գտնվողները չեն կարող չունենալ հոգեբանական խորհրդատվության կարիք: Բացի դրանից՝ շուտով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կգործի մարզիկների համար առանձնացված մասնաշենք, որտեղ նրանք կանցնեն անհրաժեշտ ստուգումները և կստանան պատշաճ բուժումներ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում են նաև Հայաստանի առաջնությունները մարքեթինգային տեսքի բերելու և դրանով իսկ ֆեդերացիաների ֆինանսական հնարավորություններն ընդլայնելու, վարպետության բարձրագույն դպրոցը վերականգնելու, հավաքական թիմերի բարձրակարգ մարզահագուստի հետ կապված հարցերը, իսկ հեռակա ծրագրերում է միջազգային պահանջներին համապատասխան մարզահամալիրներ ունենալը, ինչը թույլ կտա Հայաստանում հյուրընկալել խոշորագույն մարզական միջոցառումներ:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Գիլոյանը պատասխանել է ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսում է նրանց հետ ունենալ նաև առանձին հանդիպումներ, որոնց ընթացքում կլինեն առավել հասցեական քննարկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]