Հասարակական

«Իմ քայլը» մտադիր է ԶԼՄ-ներին արգելել անհայտ ծագում ունեցող աղբյուրներին հղում անելը

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» մտադիր է ԶԼՄ-ներին արգելել անհայտ ծագում ունեցող աղբյուրներին հղում անելը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներառաջարկում են«Զանգվածային լրատվության մասին»օրենքում փոփոխություններ կատարել` անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ նախագիծը մեծ հաշվով օգնելու է տարանջատելու բարեխիղճ լրագրողներին ու լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին անհայտ աղբյուրներից, որոնց հնարավոր չէ նույնականացնել:

«Կան լրագրողական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնց մարդիկ նույնականացնում են, մարդիկ ճանաչում են նրանց, նրանք խմբագրակազմ ունեն:

Այդ ամբողջ աշխատանքին զուգահեռ հայտնվում են տելեգրամյան ալիքներ և ֆեյսբուքյան էջեր, որոնք որևէ տիպի աշխատանք չկատարելով` գեներացնում են տեղեկատվություն, հետո այդ տեղեկատվությունը հղում անելու միջոցով հայտնվում է իրական լրատվամիջոցների էջերում: Այդպիսով, իրական լրատվամիջոցները սկսում են փաստացի գովազդել աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ պատգամավորի` նախագծով առաջարկվում է ֆիքսել այն անանուն աղբյուրները, որոնք տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

«Հաջորդիվ արձանագրում ենք, որ լրատվամիջոցները չեն կարողանա հղում անել նմանատիպ աղբյուրներին»,- նշեց Հովհաննիսյանը:

Սակայն, ըստ պատգամավորի, չի արգելվելու վերարտադրել այդ աղբյուրների տեղեկատվությունը:

«Օրինակ` այն ժամանակ չկային տելեգրամյան ալիքներ, և մենք ստացած տեղեկությունները ամենատարբեր աղբյուրներից մատուցում էինք` հաշվի առնելով նաև այդ ռիսկերը: Մենք համարում էինք, որ դա սենսացիա է և հրապարակում էինք: Մեր մոտեցումը հետևյալն է, որ եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրներին, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում