Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԽ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները կոչ են անում ադրբեջանական կողմին վերադարձնել հայ ռազմագերիներին

ԵԽ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները կոչ են անում ադրբեջանական 
կողմին վերադարձնել հայ ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա պատերազմն ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, և որ, բացի ողբալի, բայց մեկուսացված միջադեպերից, հրադադարը պահպանվել է: Սակայն անհրաժեշտ է ավելին՝ շատ անհրաժեշտ հաշտեցման հասնելու համար:

Լեռնային  Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման և տարածաշրջանի շուրջ ապագա իրավական կարգավիճակի հստակեցումը մնում է նույնքան անհրաժեշտ, որքան երբևէ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում հստակ վերահաստատել և պատրաստակամություն հայտնել՝ կրկին ներգրավվելու Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացին՝ հիմնված հիմնական սկզբունքների վրա, արտացոլելով Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:

Նոր ազդակի ժամանակաշրջանում, որոնք բերել է ԱՄՆ նոր վարչակազմը, մենք վճռականորեն կրկնում ենք Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական միության շարունակական աջակցությունն այս գործընթացին և սկզբունքներին:

Հրադադարի մասին համաձայնագրի ամբողջական իրականացումը անհրաժեշտ առաջին քայլն է և ցավալի է, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Մենք ողջունում ենք մարտական գործողությունների ավարտից հետո գերեվարված մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը և դիմում ենք Ադրբեջանին ՝ մնացած գերիներին ազատելու համար, որպեսզի վստահությունը վերակառուցվի: Մենք նաև կողմերին ենք հորդորում վերը նշված նպատակների համար ապահովել միջազգային կազմակերպությունների լիովին անկաշկանդ մուտքը՝ մարդասիրական օգնությունն ու մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար: Այս խնդիրներն ընդգծում են բազմակողմ նոր ջանքերի անհրաժեշտությունը` հակամարտության կայուն լուծում գտնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]