Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Մարտ

Աշխատատեղերի միջին ամսական թվաքանակը նախորդ տարի աճել է 1.2 տոկոսով

Աշխատատեղերի միջին ամսական թվաքանակը նախորդ տարի աճել է 1.2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշխատատեղերի՝ միջին ամսական թվաքանակը 2020-ին կազմել է 609 հազար՝ 2019-ի համեմատ ավելանալով 1.2 տոկոսով:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Թամազյանը նախ հիշեցրեց, որ 2020 թվականի հունվար-մարտին աշխատատեղերի թվաքանակի (եկամուտ ապահոված աշխատատեղեր) աճն ակնառու էր ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ինչպես նաև նույն տարվա ամսական կտրվածքով: Այսինքն՝ փետրվարին աշխատատեղերն ավելի շատ էին քան հունվարին, մարտին ավելի շատ էին, քան փետրվարին:

«Անկումը հիմնականում նկատվեց ապրիլից սկսած՝ հայտնի սահմանափակումներով պայմանավորված: Համավարակի հետևանքով որոշակի տնտեսական գործունեություններ սահմանափակվեցին: Օրինակ` ապրիլին աշխատողների թվաքանակն արդեն իջել էր շուրջ 547 հազարի, երբ մարտին կար 620 հազար աշխատատեղ: Սակայն, տարեկան կտրվածքով, եթե նայենք միջին տարեկան վիճակագրությամբ, միջին ամսական թվաքանակը 2020-ին կազմել է շուրջ 609 հազար, իսկ 2019-ին՝ շուրջ 602 հազար, այսինքն, այնուամենայնիվ, 1.2 տոկոսային կետով 2020-ին աշխատատեղերի թվաքանակը բարձրացել է»,-ասաց նա:

Թամազյանը հավելեց, որ եթե 2018-2019-ին ակտիվ վարչարարություն է իրականացվել աշխատատեղերի մասով, ապա 2020-ին խիստ վերահսկողություն չի կատարվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճակագրությունը ցույց է տվել, որ տնտեսավարող սուբյեկտները աշխատատեղերի մասով հարկային կարգապահությունը պահպանում են: Թամազյանն աշխատատեղերի բարձրացման տենդենցն ավելի շատ պայմանավորեց հենց հարկի վճարողների կարգապահությամբ: 2020-ի սեպտեմբերին հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներով աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 632 հազար, որը վիճակագրական պատմության ամենաբարձր ցուցանիշն է:

Աշխատողների թվաքանակի բարձրացումն ակնհայտ է հիմնականում մանրամեծածախ առևտրի, հանքարդյունաբերության, ՏՏ ոլորտներում: Նա աշխատողների չգրանցման մասով ավելի ռիսկային համարեց շրջհարկ վճարողներին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ