Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարտակերտի շրջանի ղեկավար կազմի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարտակերտի շրջանի ղեկավար կազմի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին մեկնել է Մարտակերտ քաղաք և հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ. հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի հերոս, ՊԲ Ն դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը ներկայացրել է ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, Կառավարության կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը և նշել անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա այն առաջնահերթությունները, որոնք պետական կառավարման համակարգի համար գործողությունների օրակարգ են ձևավորել: Անդրադառնալով անօթևան քաղաքացիներին շրջանի համայնքներում տեղավորելու ծրագրի ընթացքին՝ նախագահ Հարությունյանը հորդորել է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերն՝ ընդգծելով, որ գյուղական համայնքներում հաստատվող քաղաքացիների տնտեսական գործունեության համար Կառավարության կողմից առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Այնուհետև Արայիկ Հարությունյանը, Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է վերակառուցման փուլում գտնվող Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, ծանոթացել տեղում իրականացված շինարարական աշխատանքներին, խոստացել, որ պետության կողմից համապատասխան օժանդակություն կտրվի շինաշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ