Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Գարնանն «Արմաթը» կլինի օդում. ԱՏՁՄ-ն հայտարարեց անօդաչու թռչող սարքերի ծրագրի մեկնարկը

Գարնանն «Արմաթը» կլինի օդում. ԱՏՁՄ-ն հայտարարեց անօդաչու թռչող սարքերի 
ծրագրի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցի ծրագրի մեկնարկը խթան կհանդիսանա ավիացիոն ճարտարագիտությամբ հետաքրքրվողների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը:

«2020 թվականը բոլորիս համար շատ բարդ տարի էր, սկսած քովիդ համավարակից, «Արմաթ» նախագծի հիմնադիր Կարեն Վարդանյանի մահից և վերջացրած պատերազմով: «Արմաթն օդում» ծրագիրը Կարեն Վարդանյանի համար գերագույն առաջնահերթություններից էր, մենք մեծ ոգևորություն ենք զգում այն կյանքի կոչելով: Ծրագրի շնորհիվ մեր աշակերտները կսովորեն ԱԹՍ-ներ պատրաստել»,- նշեց Քասսարջյանը և հավելեց, որ ծրագրի կարևոր բաղադրիչներից է երիտասարդների շրջանում բարձր տեխնոլոգիական ոլորտի առանձին ուղղության՝ ավիացիոն ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումը:

ԱՏՁՄ գործադիր տնօրենն ասաց, որ պետք է ներդրում ունենալ ռազմական ոլորտի զարգացման գործընթացում:  

Ծրագիրը կսկսվի 2021 թվականի գարնանը: Այն նպատակ ունի ՀՀ-ի, ներառյալ Արցախի, բոլոր 65 քաղաքում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոց: Ընդունելությունը բաց է լինելու թե տվյալ համայնքի, թե հարակից համայնքների 15-18 տարեկան աղջիկների ու տղաների համար:

Նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն սկսում է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաք: Նպատակային գումարը կազմում է 422 մլն դրամ, որից 52 մլն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին:

«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը նշեց, որ նման կրթական աշխատանոցներ ստեղծելու գաղափարը եղել է դեռևս 2016 թվականից:

«Դիմել էինք Կառավարությանը, և այժմ ծրագիրը հնարավոր է իրականացնել: «Արմաթն օդում» ծրագրով նախատեսվում է 60 աշխատանոց ստեղծել: Երևանում տեղադրվելու է 14 լաբորատորիա, Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 3-ական: ՀՀ տարածքում, այն երեխաներին, որոնք նախնական ճարտարագիտական հմտություններ կստանան «Արմաթ»-ներում, և այն անձինք, ովքեր կունենան համապատասխան ներուժ, հնարավորություն կստանան հաճախել այդ աշխատանոցներ»,- նշեց Վարդանյանը և ավելացրեց, որ ապրիլից արդեն իսկ կսկսի գործել 8 աշխատանոց. անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է:

Նրա խոսքով՝ դրանք կլինեն Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում, Թալինում, Կապանում, Գավառում, Երևանում և Ստեփանակերտում:

Կրթական գործընթացը տևելու է 1 տարի, յուրաքանչյուր աշխատանոցում գործելու է 3 խումբ և միջինում հաճախելու է մոտ 27 երեխա:

«65 աշխատանոցի ներդրումից հետո մենք տարեկան կկարողանանք 1 750 սան պատրաստել՝ նախագծման, պատրաստման, տեխնիկական սպասարկման և ԱԹՍ-ների կառավարման համար: Նրանց մի մասը, մոտ 1 300 հոգին կգնա ժամկետային ծառայության և, առաջիկա 2 տարում բանակին կտանք պատրաստված շուրջ 2 500 տղա»,- նշեց Վարդանյանը:

Մեկ ԱԹՍ աշխատանոցի հիմնադրման փաթեթի արժեքը 6.5 մլն դրամ է, որի մեջ ներառվում է 7 թռչող սարքի հավաքելու հնարավորություն, կլինի սարքավորում, որի միջոցով ինքնուրույն կստեղծեն ԱԹՍ-ների առանձին մասեր: Փաթեթում ներառված է նաև 2 խմբավարի պատրաստում՝ 100 ժամ տևողությամբ, ինչպես նաև մյուս տարի նախատեսվում է առաջին տեխնոլոգիական ճամբարն ԱԹՍ-ների գծով:

Մեկ «Արմաթ» լաբորատորիայի հիմնադրման արժեքն է 4.5 մլն դրամ:

Լիլիթ Դեմուրյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ