Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահն արձագանքել է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի հոդվածին

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահն արձագանքել է ԼՂ կարգավիճակի 
վերաբերյալ Փաշինյանի հոդվածին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել «հենց այնպես» Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պոպովը հայտնել է, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին:

«Ռուսական առաջարկությունների անվան տակ, հավանաբար, նկատի է առնվում փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրումը կողմերին տրամադրվել է 2019թ. հունիսին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդ պլանի հիմքում, որը մեծամասամբ համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազային սկզբունքները, որոնց թվում` Ադրբեջանին 5 շրջանների վերադարձն է` առաջին փուլով, իսկ երկրորդ փուլով` 2, ընդորում, հատուկ շեշտեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ փոխկապակցված: Առաջին փուլում Երևանի հետաքրքրություններն արտացոլող այլ տարրերից է` ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի` ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը: Այդ պատճառով` պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները` «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»,- նշել է Պոպովը:

Համանախագահի խոսքով, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության արդյունքում` կողմերի համաձայնությամբ, որի ցանկացած արդյունք ընդունելի կլինի կողմերի համար:

«Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր քննարկել միայն երկրորդ փուլում` հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին: Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկությունները, սակայն լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց կարևորն այն է, որ բանակցություններն ընթացել են պարբերական հիմքով: Ընդհուպ 2018թ. երբ Երևանն առաջ է քաշել նոր մոտեցումներ»,- հայտնել է Իգոր Պոպովը:

Հունվարի 4-ին հրապարակված հոդվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ. «2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]