Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերեվարված 62 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ԱԺ պատգամավոր

Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերեվարված 62 քաղաքացիների կյանքին վտանգ չի 
սպառնում. ՀՀ ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանին, Նազելի Բաղդասարյանին, նաև գերեվարվածների հարազատներին վստահեցրել է, որ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված 62 քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նախնական տվյալներով՝ այս շաբաթ ռուսական կողմը այց կկատարի Բաքու՝ ճշգրտելու վերադարձի ժամկետները, պայմանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Սոֆիա Հովսեփյանը՝ մանրամասներ ներկայացնելով Արցախ այցից:

«Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վնաս չի սպառնում: Այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը»,-ասաց Հովսեփյանը:

Պատգամավորի խոսքով՝ Մուրադովը վստահեցրել է ինչպես իրենց, այնպես էլ գերեվարված անձանց ծնողներին, որ որևէ խնդիր չի սպառնում: Գերիների վերադարձի հետ կապված ժամկետներ, որպես այդպիսին, չի նշվել՝ ելնելով անվտանգությունից: Պատգամավորը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կտեսնենք արդեն 62 գերիներին: «Նաև կա խոսք, որ մյուս գերիները, որոնք վաղուց էին գերեվարվել, նույնպես կվերադարձվեն»,-նշեց նա:

Նազելի Բաղդասարյանն էլ ասաց, որ 24-ժամյա կապի մեջ են գերեվարված 62 քաղաքացիների հարազատների մեջ, փորձելու են հնարավոր ամեն բան անել, որ տեղեկատվությունը ծնողներին հասանելի լինի: «Անուններ և ճշգրտված ցուցակներ չկան, հանդիպմանն այդ ցուցակները փոխանցվել են գեներալ Մուրադովին, և անվանական ճշգրտումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում»,-ասաց Բաղդասարյանը:

Հաջորդ գործընթացը պետք է լինի վերադարձի ժամկետների քննարկումը: «Խիստ նախնական տվյալներով՝ այս ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է այց կատարվեր Բաքու, որից հետո ժամկետների և պայմանների մասին ավելի հրապարակային տեղեկատվություն կլինի»,-ասաց պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]