Հասարակական

Քահանայի և վարչապետի միջադեպը՝ լայն քննարկման առարկա. ոստիկանության, Մայր Աթոռի, ՄԻՊ-ի արձագանքը

4 րոպեի ընթերցում

Քահանայի և վարչապետի միջադեպը՝ լայն քննարկման առարկա. ոստիկանության, Մայր Աթոռի, ՄԻՊ-ի արձագանքը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Պարգև քահանա Զեյնալյանի կողմիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը չսեղմելու միջադեպը հասարակության մեջլայն արձագանքէ ստացել: Միջադեպին արձագանքել է թե ոստիկանությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը և թե Մայր Աթոռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով միջադեպին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան, ինչպես և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ունի իրավունք արտահայտելու իր քաղաքացիական կեցվածքը։ «Ցավում ենք, որ հետպատերազմյան շրջանում եկեղեցու կողմից ուղերձներն ու հորդորները մնացել են անպատասխան՝ հանգեցնելով նման ցավալի իրավիճակի,հասարակության մեջ խորացող անհանդուրժողականության և նոր պառակտումների»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը:

ՀՀոստիկանության հասարակայնության հետ կապիև լրատվության վարչությունից էլ հերքել են այն տեղեկությունը, թե, իբր, այդ միջադեպից հետո Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի տանը խուզարկություն է իրականացվել:

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասացին ՀՀոստիկանության հասարակայնության հետ կապիև լրատվության վարչությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պարգև քահանա Զեյնալյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո համացանցում մի խումբ քաղաքացիներ բռնության և սպառնալիքի կոչեր սկսեցին տարածել: Մի խումբ քաղաքացիներ անգամ փակել են եկեղեցու մուտքն ու թույլ չեն տվել, որ հոգևոր այրը մուտք գործի այնտեղ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ բացարձակ անթույլատրելի համարելով նման կոչերը: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ:

Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:

Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:

Քիչ առաջ խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք»,- հայտարարության մեջ նշել է Արման Թաթոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում